Ռուսաստան

Պուտինը կրկնապատկել է Ուկրաինայում կռվելու համար տրվող միանվագ գումարի չափը

2 րոպեի ընթերցում

Պուտինը կրկնապատկել է Ուկրաինայում կռվելու համար տրվող միանվագ գումարի չափը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկնապատկել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար զինվորագրվող կամավորներին վճարվող միանվագ գումարի չափը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Միանվագ վճարվող գումարի չափը 195 000 ռուբլուց կդառնա 400 000 ռուբլի, որը կտրվի այս տարվա օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող զորակոչված անձանց, ժամկետային զինծառայողներին և օտարերկրացիներին, որոնք պայմանագիր կկնքեն և զինծառայության կմեկնեն չճանաչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ռազմական գործողությունների ընթացքում մասամբ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի և Խերսոնի մարզերում և Ուկրաինայի տարածքում։ 

Պուտինի ստորագրած համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում։

Իր հերթին Reuters գործակալությունը հաղորդում է, որ ռազմական գործողություններին մասնակցելու համար շարքային զինվորին ՌԴ-ում վճարվում է ամսական 204 000 ռուբլի, սակայն նոր հրամանագրով տարեկան նվազագույն  աշխատավարձը ծառայության առաջին տարվա ընթացքում կկազմի 3,25 միլիոն ռուբլի (ամսական 270 000 ռուբլի)։  

Սպաների համար գումարի չափն ավելի բարձր է՝ կախված նրանց կոչումից։ Բոլոր զորակոչիկները նաև ստանում են լրացուցիչ գումար, երբ մասնակցում են մարտերի կամ ոչնչացնում թշնամու տանկեր կամ այլ տեխնիկա, հավելում է Reuters-ը։

Ըստ ՌԴ իշխանությունների՝ այս տարի Ուկրաինայում կռվելու համար կամավորագրվել է 190 000 մարդ։ 2023 թվականին կնքվել է 490 000 նման պայմանագիր։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում