Մշակույթ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը

5 րոպեի ընթերցում

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հաղթանակ» զբոսայգում օգոստոսի 10-ին և 11-ին սպասվում է «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ մշակութային-զբոսաշրջային փառատոնը, որը կազմակերպում է «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: «Արմենպրես»-ին տեղեկացրին է «Տերյան մշակութային կենտրոն»-ից։

«Տարազի մեծ տոնակատարություն, որին կարող են մասնակցել մայրաքաղաքի բնակիչները, երեխաները, Երևան այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը։ 

Փառատոնի նպատակն է մասսայականացնել և հասարակության լայն շերտերին ներկայացնել ազգային հարուստ մշակույթն ու ավանդույթները, ինչպես նաև Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ծանոթացնել հազարամյակների պատմություն ունեցող հայկական արժեքներին։ Հայաստանի թանգարանների, արհեստագործ վարպետների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և հանրապետության փոքր համայնքների մշակութային արժեքների և ավանդույթների, ազգային խաղերի, պարերի և երաժշտության, ուսուցողակրթական ժամանցային ծրագրերի, ազգային հագուստի ցուցադրությամբ՝ ժամանակակից ներկայացմամբ տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ մշակութային-զբոսաշրջային փառատոնը։ 

«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի նպատակը հայկական մշակույթի և, մասնավորապես, հայկական տարազի ժողովրդականացումն է ինչպես հայ հասարակության, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում. ներկայացնել ազգային հագուստը, մշակույթն ու ավանդույթները, ընձեռել ազգային արժեքներին ծանոթանալու հնարավորություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

«Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը կարևոր խթան է մշակութային զբոսաշրջության զարգացման համար։ Մեր բազմադարյա պատմությունը, ազգային ավանդույթները, ինքնատիպ արհեստն ու արվեստը Հայաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկի ուշադրության կենտրոնում են։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն աջակցում է ազգային արժեքների պահպանմանը Հայաստանի և հայ ժողովրդի համաշխարհային ճանաչելիության, հեղինակության և հարգանքի ամրապնդմանն ու շարունակական բարձրացմանը։ Այս համատեքստում կարող ենք նշել, որ «ՏԱՐԱԶֆեստ»-ն իր ձևաչափով յուրահատուկ մշակութային փառատոն է, որն ավելի հագեցած է դարձնում Հայաստանի զբոսաշրջային երթուղին»,-ասում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Սուսաննա Հակոբյանը։

«ՏԱՐԱԶֆեստ»-ը շատ զբոսաշրջիկներ է գրավում դեպի մայրաքաղաք՝ հնարավորինս նպաստելով Երևանի միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը, որի շրջանակում ներկայացվում է Հայաստանի բազմաշերտ և հարուստ մշակութային ժառանգությունը: Այս փառատոնը մեծ հետաքրքրություն է առաջացնում թե՛ դիզայներների և արհեստագործների ոլորտում, թե՛ զբոսաշրջության: Սա հիանալի հարթակ է լայն հասարակությանը ներկայացնելու ժամանակակից ժողվարպետներին, նրանց աշխատանքները, թանգարանների և դիզայներների հավաքածուները: Կարևորում ենք փառատոնի շրջանակում մասնակից այլ ազգերի մշակութային համայնքների, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կազմակերպությունների մասնակցությունը, քանի որ Հայաստանում կողք կողքի համերաշխ ապրում ու ստեղծագործում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ», - ասում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լիլիթ Մելիքյանը: 

Նշվում է, որ «ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի մուտքը բաց է բոլոր ցանկացողների համար։ 

«Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության մասին 

«Տերյան մշակութային կենտրոն»-ը ծավալում է մշակութային, գրական, կրթական գործունեություն։ Զբաղվում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությամբ, փոխանցմամբ և հանրահռչակմամբ: Նպաստում է մշակութային գործունեության՝ ստեղծագործական նախագծերի և միջոցառումների իրականացմանը։ Հանդես է գալիս ավանդական մշակույթի, ժողովրդական ձեռարվեստի վերականգնման, արդիականացման, կիրառման և տարածման խիստ արժեքավոր նախաձեռնությամբ: Զբաղվում է հայկական ազգային հագուստի՝ տարազի ճշգրիտ վերականգնմամբ: 

«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում