Մարտունիում կազմակերպված գեղանկարչական սիմպոզիումի արդյունքում ստեղծված բարձրարժեք կտավները զարդարեցին քաղաքի մշակույթի պալատի դահլիճի նախասրահը

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում այս տարվա հուլիսի 4-ից 14-ը հայտարարված գեղանկարչական սիմպոզիումի ընթացքում ստեղծված 47 բարձրարժեք կտավները պահ տրվեցին Մարտունու համայնքապետարանին` առայժմ զարդարելով քաղաքի մշակույթի տան դահլիճի նախասրահը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` գեղանկարչական սիմպոզիումի արդյունքների ամփոփման եւ փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 28-ին, Մարտունու մշակույթի պալատում։ 

Հանդես գալով բացման խոսքով` ՀՀ Պետական պատկերասրահի Մարտունու մասնաճյուղի տնօրեն Անահիտ Գեւորգյանը նշեց, որ սիմպոզիումի ընթացքում հանրաճանաչ գեղանկարիչների կողմից կտավի վրա պատկերվել են հիմնականում Մարտունի համայնքի տեսարժան վայրերը եւ բնության սքանչելի գույները Արմաղան լեռան փեշին ծվարած Մադինա գյուղում, Վարդենիկի Իշխանաձորում ու Մարտունու Մթնաձորում։ «Ահա եւ կայացավ սպասված հրաշքը 47 հիասքանչ կտավների տեսքով, որոնք այսուհետ դառնում են մեր ժողովրդի սեփականությունը եւ լրացնում մեր հոգեւոր ու մշակութային արժեքների շարքը։ Հսկայական ու անգնահատելի գործ արվեց, որով հարստացավ մեր ստեղծագործական մտքի գանձարանը, որով հպարտ կլինեն ներկա ու գալիք սերունդները։ Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել գեղանկարիչ, ՀՀ Նկարիչների միության անդամ Արամայիս Խլղաթյանին, ում նախաձեռնությամբ կայացավ այս սիմպոզիումը, որը նրա կողմից դարձավ երկրորդ հանրօգուտ ու կարեւոր ձեռնարկը` 2012 թվականին կազմակերպված քանդակագործության սիմպոզիումից հետո։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել սիմպոզիումին մասնակցած բոլոր գեղանկարիչներին, ովքեր վրձնեցին մեր բնության անկրկնելի տեսարաններն ու գույները»-նշեց Անահիտ Գեւորգյանը։ 

Իր խոսքում սիմպոզիումի նախաձեռնող, գեղանկարիչ Արամայիս Խլղաթյանը շնորհակալություն հայտնեց Մարտունու համայնքապետարանին` սիմպոզիումի աշխատանքներն ամբողջությամբ ֆինանսավորելու համար, ապա նշեց, որ այս կտավները, որոնք արդեն սեփականության իրավունքով պատկանում են Մարտունու համայնքապետարանին, առայժմ կգտնվեն Մարտունու մշակույթի տանը, նաեւ` ցուցահանդեսի տեսքով, մինչեւ որ համայնքապետարանը կլուծի Պատկերասրահի նոր շենք ունենալու հարցը, որտեղ եւ վերջնականապես պահ կտրվեն այդ գլուխգործոցները։ «Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել նաեւ մեր անվանի վարպետներին ու մյուս գործընկերներին, ովքեր միացան այս կարեւոր ձեռնարկին ու ստեղծեցին այս անկրկնելի արժեքները։ Հուսամ, որ մենք միասին առաջիկայում կիրականացնենք նմանատիպ նոր նախաձեռնություններ ու գաղափարներ»- նշեց Արամայիս Խլղաթյանը։

Ողջույնի ու երախտագիտության խոսքերով հանդես եկան սիմպոզիումին մասնակցած գեղանկարիչները։ Միջոցառման ավարտին Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի անունից շնորհակալագրերով ու դրամով պարգեւատրեց սիմպոզիումին մասնակցած գեղանկարիչներին։ 

2024 թվականի հուլիսի 4-ից 14-ը Մարտունի համայնքում կազմակերպված սիմպոզիումին մասնակցել են հանրաճանաչ գեղանկարիչներ Մելքոն Հովհաննիսյանը, Դավիթ Դավթյանը, Հրանտ Թադեւոսյանը, Մաթեւոս Սարգսյանը, Սամվել Մարտիրոսյանը, Հովնան Սեւոյանը, Շահեն Օրդուբեկյանը, Լեւոն Խաչատրյանը, Վլադիմիր Սիմոնյանը, Արմեն Հարությունյանը, որոնց Մարտունիում միացել են Արամայիս Խլղաթյանը, Աշոտ Խաչատրյանը, Մարիամ Գալստյանը, Հասմիկ Մհերյանը եւ Հասմիկ Նազարյանը։ 

Խոսրով Խլղաթյան

Հայերեն فارسی

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում