Սերբիան և Եգիպտոսը պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել. Ալեքսանդր Վուչիչ
2 րոպեի ընթերցում
![Սերբիան և Եգիպտոսը պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել. Ալեքսանդր Վուչիչ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/07/13/04UALR9fVbwl9WUcenRLCB33PScZ7nDmL67LFlyg.webp)
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Բելգրադը և Կահիրեն առաջիկայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատների մասնակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ փոխանցելով Սերբիայի նախագահի խոսքերն՝ ասված Եգիպտոս կատարած այցի ընթացքում։
«Մենք քննարկել ենք բոլոր աշխարհաքաղաքական հարցերը, խոսել ենք համագործակցության կոնկրետ տեսակների մասին՝ գյուղատնտեսությունից մինչև ռազմատեխնիկական համագործակցություն, շատ շուտով տեղի կունենան սերբական և եգիպտական բանակների համատեղ զորավարժությունները, առաջին հերթին՝ հատուկ ստորաբաժանումների»,- ասել է Վուչիչը։
Ըստ աղբյուրի՝ Սերբիայի և Եգիպտոսի կառավարական պատվիրակությունները ստորագրել են ազատ առևտրի համաձայնագիր և ևս 10 փաստաթուղթ՝ տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ։
«2022 թվականից և ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի ստորագրումից հետո մենք այսօր կարողացանք ստորագրել կարևոր փաստաթղթեր։ Սերբիայի և Եգիպտոսի համար ազատ առևտրի համաձայնագիրը բացառիկ նշանակություն ունի», - ընդգծել է Սերբիայի ղեկավարը՝ հրավիրելով Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիին Սերբիա։