Իրավունք

Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ 

Ողջունելով հյուրերին՝ Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Գլխավոր դատախազության վստահելի գործընկերն է, որի հետ համագործակցությունն իրականացվում է տարբեր՝ այդ թվում՝ դատախազների մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացման ու կատարելագործման ուղղություններով: 

Հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձ է կատարել Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքին՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմանը: Հիշեցնենք, որ ԱՄՆ դատարանի որոշմամբ՝ հաստատվել է հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան բռնագրավման և ամենաբարձր շուկայական արժեքով վաճառելու մասին համաձայնությունը: Այս համատեքստում Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ իրավասու մարմինների բոլոր գործընկերներին՝ արդարության նկատմամբ հանրության վստահության ամրապնդմանն ուղղված ջանքերի և արդյունավետ փոխգործակցության համար:  

ՀՀ գլխավոր դատախազն ԱՄՆ դեսպանի հետ, ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, անդրադարձել է իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության զարգացմանն ու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և կիբերհանցավորության դեմ պայքարի ոլորտներում փոխգործակցության խորացմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում