Քաղաքականություն

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը

2 րոպեի ընթերցում

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու որոշումը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման գործընթաց սկսելու պատմական որոշումը և աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վրացի պաշտոնյան այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։  

Իլյա Դարչիաշվիլին նշել է, որ հայ գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային բնույթ ունեցող հարցեր՝ ընդգծելով մարտահրավերներին դիմագրավելու գործընթացում համատեղ ջանքերի կարևորությունը։

«Վրաստանը հաստատակամորեն աջակցում է Հարավային Կովկասում կայունությանն ու խաղաղ գոյակցությանը։ Մենք պատրաստ ենք շարունակել մեր ներդրումն ու խթանել կառուցողական երկխոսությունը և տարածաշրջանում ապահովել խաղաղություն և կայունություն՝ մեր հարևանների կարիքների և մեր հնարավորությունների սահմաններում», - ասել է Դարչիաշվիլին։

Վերջինս հավելել է, որ Վրաստանը ողջունում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ ճանապարհով ընդունված սահմանազատման գործընթաց սկսելու պատմական որոշումը և հուսով է, որ խաղաղության գործընթացի դրական դինամիկան կպահպանվի։

Վրացի նախարարի խոսքով՝ քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր ևս։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում