Քաղաքականություն

Թբիլիսին և Երևանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Վրաստանի ԱԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Թբիլիսին և Երևանն աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը․ Վրաստանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին և Երևանը մեծապես աջակցում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վրացի պաշտոնյան այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ 

Վրացի նախարարը նշել է, որ Երևանն ու Թբիլիսին ունեն առանձնահատուկ բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ, որոնք երկար դարերի պատմություն ունեն։ Նա վստահություն է հայտնել, որ Արարատ Միրզոյանի այցը Վրաստան նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ 

«Հարկ է նշել, որ ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրմամբ՝ մեր երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի է անցել։ Այս նոր փուլը շրջադարձային էր մեր բազմակողմ համագործակցության մեջ»,- ընդգծել է Իլյա Դարչիաշվիլին։ 

Վերջինս նաև շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևին կողմ քվեարկելու համար, որը հաստատում է բոլոր ներքին տեղահանվածների, փախստականների՝ Աբխազիա և Հարավային Օսեթիա վերադառնալու իրավունքը։

«Վրաստանը և Հայաստանը մեծապես աջակցում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»,- իր խոսքում ընդգծել է Վրաստանի ԱԳ նախարարը՝ տեղեկացնելով, որ հայ գործընկերոջ հետ քննարկել է երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության  հետ կապված հարցեր։

Նա հավելել է, որ Հայաստանը Վրաստանի առևտրային գործընկերների տասնյակում է, իսկ զբոսաշրջության առումով՝ եռյակում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում