ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի ցուցումով Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
«Դրա շրջանակում՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, ինչպես նաև ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻԿ-ի անձնակազմերի համար այսօր՝ ժամը 15.00-ից հայտարարվել է հավաք։ Փրկարարական տեխնիկան բերվում է հատուկ պատրաստության՝ ըստ անհրաժեշտության իրականացնելու փրկարարական միջոցառումներ։
Միևնույն ժամանակ ՆԳՆ Փրկարար ծառայության անունից նույն մարզերի պաշտոնատար շուրջ 1500 անձանց (համայնքների, բնակավայրերի ղեկավարներ, ծառայությունների պետեր, դպրոցի տնօրեններ և այլն) ուղարկվել են իրազեկող կարճ հաղորդագրություններ։
ՆԳ նախարարության կողմից նույն մարզերում իրազեկումներ են իրականացվում նաև բարձրախոսներով, զանգվածային լրատվամիջոցներով տարածվում են հեղեղումներից առաջ, ընթացքում և հեղեղումներից հետո վարքագծի կանոնները։
Հորդորում ենք պահպանել զգոնություն, հետևել ներկայացված վարքագծի կանոններին, միևնույն ժամանակ կոչ ենք անում չտրվել խուճապային տրամադրություններին, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել 911»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրել էր, որ Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները լինելու են հորդառատ։
Ըստ աղբյուրի՝ կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերը սպասվում են ջրի ելքերի զգալի մեծացումներ, հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ։