Մերձավոր Արևելք

Բլինքենն Իսրայելի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Գազայի հատվածի հետպատերազմյան կառավարումը

2 րոպեի ընթերցում

Բլինքենն Իսրայելի պաշտպանության նախարարի հետ քննարկել է Գազայի հատվածի հետպատերազմյան կառավարումը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունիսի 24-ին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Գազայում հրադադարի հասնելու ջանքերը, ինչպես նաև ռազմական գործողությունների ավարտից հետո Գազայի հատվածում կառավարումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Նրանք քննարկել են Գազայի հատվածում հրադադարի հասնելու ուղղությամբ նախաձեռնվող ջանքերը, որոնք կապահովեն բոլոր պատանդների ազատ արձակումը և կթեթևացնեն պաղեստինցիների տառապանքը: Պետքարտուղարն ընդգծել է, որ անհրաժեշտ է լրացուցիչ քայլեր ձեռնարկել Գազայում հումանիտար կազմակերպությունների աշխատակիցներին պաշտպանելու և Գազայում օգնությունը ՄԱԿ-ի հետ լիակատար համակարգմամբ բաշխելու համար», - նշված է հաղորդագրությունում։ 

Բլինքենը Գալանտին ներկայացրել է գործադրվող ջանքերն՝ ուղղված հետպատերազմյան շրջանում Գազայի հատվածի անվտանգությանը, կառավարմանը և վերակառուցմանը և շեշտել «այդ աշխատանքի կարևորությունն Իսրայելի անվտանգության համար»։

Պետքարտուղարը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ «ընդգծել է, որ կարևոր է խուսափել հակամարտության հետագա սրումից և գտնել դիվանագիտական ​​լուծում, որը թույլ կտա իսրայելցիների և լիբանանցիների ընտանիքներին վերադառնալ իրենց տներ»:

Միլլերը հունիսի 24-ին լրագրողների հետ հերթական ճեպազրույցում խոստովանել է, որ ներկայում ԱՄՆ-ի և Իսրայելի միջև «ոչ մի պայմանավորվածություն» չկա պաղեստինյան անկլավի ապագա կառավարման վերաբերյալ: 

«Մենք չենք ցանկանում, որ նրանք կրկին օկուպացնեն Գազան, ահա թե ինչու ենք շարունակում պնդել դրա այլընտրանքի շուրջ», - նշել է նա։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո, երբ Իսրայելում շուրջ 1200 մարդ սպանվեց, 250 մարդ՝ գերեվարվեց։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում, ըստ տեղի իշխանությունների, զոհերի թիվը հասել է 37 600-ի։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում