ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի Կամերային դահլիճում տեղի է ունեցել «Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ, որի ողջ հասույթը փոխանցվել է Հայկական Կարիտասի «Տնային խնամք» ծրագրի շահառուներին՝ առաջնային կարիքները հոգալու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համերգը նախաձեռնել էր խորվաթ դաշնակահարուհի, կլավեսինահար ու երգեհոնահար Էվա Կիրխմայեր-Բիլիչը։
Համերգին մասնակցություն են ունեցել նաև Խորվաթիայում հայտնի տենոր Ստյեպան Ֆրանետովիչը և դաշնակահարուհի Արփի Վարդանյանը։ Դասական երաժշտության երեկոյի ընթացքում հնչել են հայկական, խորվաթական ու արևմտաեվրոպական երաժշտական ժառանգության գլուխգործոցներ։
«Հայաստանի հանդեպ սերը ծնվեց, երբ ուսանողուհիս՝ Զագրեբի երաժշտական ակադեմիայի շրջանավարտ, միջազգային մրցույթների դափնեկիր Արփի Վարդանյանը պատմեց այդ երկրի մասին։ Ես ինձ վատ եմ զգում, որ մինչ այդ ոչինչ չեմ իմացել Հայաստանի նման հրաշք երկրի մասին»,-համերգի ավարտին նշել է Էվա Բիլիչը՝ խոստանալով, որ նմանատիպ համերգները շարունակական կլինեն։ Սա երգչուհու առաջին այցն է Գյումրի, չնայած նա Հայաստանում եղել է արդեն 4 անգամ: Համերգային ծրագրով խորվաթ հյուրերը հանդես կգան նաև Գյումրիի «Սուրբ Յոթվերք» եկեղեցում` հունիսի 25-ին։
Արմենուհի Մխոյան