Միջազգային

ՆԱՏՕ-ն Հունգարիային երաշխիքներ է տվել, որ երկիրը կարող է չմասնակցել դաշինքի տարածքից դուրս ցանկացած առաքելության

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն Հունգարիային երաշխիքներ է տվել, որ երկիրը կարող է չմասնակցել դաշինքի տարածքից դուրս ցանկացած առաքելության

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիան ՆԱՏՕ-ից երաշխիքներ է ստացել, որ դաշինքի տարածքից դուրս ցանկացած գործողություն նրա անդամների համար կամավոր է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Բուդապեշտում կայացած բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսում։

Նա նշել է, որ Հունգարիան չի ցանկանում մասնակցել ՆԱՏՕ-ի ռազմական գործողություններին դաշինքի տարածքի սահմաններից դուրս, առաջին հերթին՝ Ուկրաինայում։ 

«Այս կապակցությամբ ես խնդրեցի գլխավոր քարտուղարին հստակորեն պարզաբանել, որ ցանկացած ռազմական գործողություն ՆԱՏՕ-ի տարածքի սահմաններից դուրս, որոնք հիմնված են ՆԱՏՕ-ի կանոնների և մեր ավանդույթների  վրա, կարող է լինել միայն կամավոր: Դա հաստատվել է գլխավոր քարտուղարի կողմից այսօրվա բանակցություններում, և այդպիսով Հունգարիան ստացել է իրեն անհրաժեշտ  երաշխիքները», - ասել է Օրբանը։

Իր հերթին, Ստոլտենբերգը նշել է, որ Վաշինգտոնում հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ անդամ երկրները կքննարկեն Ուկրաինային երկարաժամկետ ռազմական աջակցություն տրամադրելու և ուկրաինացի զինվորներին վերապատրաստելու հարցերը։

«Վարչապետ Օրբանը հստակ ասել է, որ Հունգարիան չի մասնակցի ՆԱՏՕ-ի այս ջանքերին, և ես ընդունում եմ այս դիրքորոշումը։ Նաև ուրախ եմ, որ ես և վարչապետն այսօր համաձայնության ենք հասել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի աջակցությանը Հունգարիայի չմասնակցելու եղանակների շուրջ», - Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերում ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ վարչապետ Օրբանը հավաստիացրել է, որ Հունգարիան չի ընդդիմանա այդ ջանքերին, թույլ կտա, որ մյուս երկրներն առաջ շարժվեն, և լիովին կկատարի ՆԱՏՕ-ի շրջանակներում իր պարտավորությունները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում