ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար և Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը նշանակվել է երկրի ֆինանսների նախարար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է նորվեգական NRK լրատվամիջոցը։
Ստոլտենբերգը, որը պետք է ստանձներ Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահի պաշտոնը, ընդունել է առաջարկը։
«Ինձ համար մեծ պատիվ է, որ ինձ խնդրել են օգնել իմ երկրին այս կարևոր փուլում: Հանգամանորեն խորհրդածելով մեր առջև ծառացած ներկայիս մարտահրավերների շուրջ՝ ես որոշել եմ ընդունել վարչապետ Յոնաս Գար Ստյորեի խնդրանքը՝ ծառայել որպես ֆինանսների նախարար: Ես կվերադառնամ Մյունխենի անվտանգության համաժողովին և իմ մյուս պարտականություններին, երբ իմ պաշտոնավարումն ավարտվի», - հայտարարել է Ստոլտենբերգը։
Մյունխենի անվտանգության համաժողովը կղեկավարեն համաժողովի երկու փոխնախագահներ Բենեդիկտ Ֆրանկը և Ռայներ Ռուդոլֆը, մինչև Ստոլտենբերգն ավարտի իր պաշտոնավարումը։
Ներկայում Նորվեգիայի իշխող Աշխատանքային կուսակցությունը, որը Ստոլտենբերգը գլխավորել է 2002-2014 թթ., ծանր ճգնաժամ է ապրում։ Օրեր առաջ սոցիալ-դեմոկրատների և կենտրոնամետների կոալիցիոն կառավարությունը կազմալուծվել է էներգետիկ քաղաքականության շուրջ տարաձայնությունների պատճառով։ Նախարարների կաբինետը լքել են 20 նախարարներից ութը։ Վարչապետ Յոնաս Գար Ստյորեն խոստացել է իր կաբինետի նոր կազմը հայտարարել փետրվարի 4-ին։
Ավելի վաղ Ստյորեն նաև խոստացել էր, որ հրաժարական չի տա և կգլխավորի փոքրամասնության կառավարությունը մինչև խորհրդարանական ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան մինչև այս տարվա սեպտեմբերի 8-ը։ Երկրում ժողովրդականություն վայելող Ստոլտենբերգի ընդգրկումը կաբինետում կարող է օգնել կուսակցության անկում ապրող վարկանիշը բարձրացնելու հարցում։