ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում գործող «Սրբոց Նահատակաց» եկեղեցում տեղի ունեցավ հայրենադարձ բանաստեղծուհի, «Դեպի Հայաստան» համահայկական-հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Մարիաննա Շահպարոնյանի գրքի շնորհանդեսը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաստեղծուհին հանդիպել է ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ և ներկայացրել «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուն:
Նյու Յորքի համայնքը մեծ ոգևորությամբ է ընդունել Շահպարոնյանին և բարձր գնահատականի արժանացրել նրա ստեղծագործությունները։
«Շատ հուզված եմ և հպարտ՝ ամերիկահայ համայնքին այսքան համախմբված տեսնելով։ Նյու Յորքում բնակվող մեր հայրենակիցները ստեղծել են կայուն և զարգացող համայնքային կյանք ։
Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայի ինքնությունը պահպանելու համար»,- ասել է բանաստեղծուհին։
Մարիաննա Շահպարոնյանը կշարունակի արտերկրում ներկայացնել «Դեպի Հայաստան» գիրքը, որի առաքելությունն է միավորել աշխարհասփյուռ հայերին ազգային արժեքների շուրջ, խրախուսել հայրենասիրությունը և հայրենադարձությունը։ Առաջիկայում գիրքը կներկայացվի Փարիզում։