Իրանն ըմբռնումով է մոտենում եվրոպացի դիտորդների ներկայությանը Հայաստանում․ Մեհդի Սոբհանի
1 րոպեի ընթերցում
![Իրանն ըմբռնումով է մոտենում եվրոպացի դիտորդների ներկայությանը Հայաստանում․ Մեհդի Սոբհանի](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/06/EaJKNrNUWZiP9UWODgNEmEugsGVrkicWoGeIxmXr.webp)
ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելությունն իր բնույթով ռազմական չէ: ՀՀ իշխանություններն իրանական կողմին հավաստիացրել են, որ այդ առաքելությունը պարզապես հայ-ադրբեջանական սահմանին կայունություն պահպանելու և լարվածությունը կանխելու նպատակ ունի, ինչն իրանական կողմին հասկանալի է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով ՀՀ-ում Եվրոպական դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման իրողությանը։
«Մենք Հայաստանի կառավարության կողմից սեփական քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու դիրքորոշմանը վերաբերվում ենք հարգանքով։ ՀՀ իշխանությունները մեզ հայտնել են, որ Եվրամիության ու եվրոպական մի շարք երկրների հետ Հայաստանի հարաբերությունները կարող են նաև լավ հնարավորություններ ստեղծել հայ-իրանական փոխգործակցության համար։ Եթե Հայաստանին հաջողվի ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնել և այդ հանգամանքն օգտագործել ի նպաստ հայ-իրանական հարաբերությունների խթանմանը, ապա մենք դրական ենք գնահատում այդ ջանքերը»,- ասաց Մեհդի Սոբհանին։