Երաժիշտ Սոնա Շաբոյանն, ով արդեն երկար տարիներ բնակվում է Շվեյցարիայում, սկզբում երաժշտության միջոցով էր այնտեղ ներկայացնում Հայաստանը, իսկ վերջին տարիներին նա սկսեց միավորել տարբեր հարթակներ։ Նա 11 տարի առաջ ստեղծեց Heres մշակութային հիմնադրամը, որի իմաստն այն է, որ կամուրջ լինի Հայաստանի եւ Շվեյցարիայի մշակույթների միջև: Իսկ 7 տարի առաջ նա նախաձեռնեց նաև Heres wine-ը։ Շաբոյանը երաժշտական կրթությունը ստացել է Երևանում, այնուհետ մեկնել Գերմանիա, որից հետո բնակություն հաստատել Ցյուրիխում։
«Շվեյցարիայում բազմաթիվ համերգներ եմ ունեցել, բայց հետո եկա այն մտքին, որ կարելի է այստեղ խոսել և ցույց տալ հայկական մշակույթը և ոչ միայն երաժշտության միջոցով։ Երկար աշխատանքների և գաղափարների արդյունքում արդեն կան մի քանի տարբեր միջոցառումներ, որոնցից մեկը գարնանային գինու մեծ փառատոն Expovina Primavera-ն է, որն այս տարի տեղի կունենա մարտի 27-ից ապրիլի 4-ը։ Այստեղ ներկայացվելու են բազմաթիվ հայկական գինիներ, որոնք էլ ավելի ճանաչելի են դառնում հատկապես գինու աշխարհի ներկայացուցիչների և գինու սիրահարների շրջանում։ Մենք փորձում ենք ներկայացնել հայկական այն գինու գործարաններն ու արտադրանքները, որոնք ունեն անցած ճանապարհ, որակ և բարձր չափանիշներ։ Ամենագլխավորը, որ գինիները լինեն հայկական խաղողների տեսակներից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում է Սոնա Շաբոյանը։
Նրա խոսքով` Հայաստանի ճանաչելիության ուղղությամբ շատ ավելի լայն շրջանակներ ներգրավելու համար հարկավոր են տարբեր բնույթի միջոցառումներ։ Դրանցից մեկը հայկական լավաշի մասին կլինի` ավելին, քան պարզապես հացը։ Շաբոյանի առաքելությունն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված հայկական լավաշը շվեյցարական շուկա բերել։
«Ելնելով այսօրվա իրականությունից, երբ աշխարհում ամեն ինչ շատ արագ է առաջ գնում և զարգանում` հարկավոր է հասցնել ժամանակին համընթաց գնալ։ Դրանով է պայմանավորված լայն շրջանակներ ընդգրկելը և արագ աշխատելը, քանի որ յուրաքանչյուր օրը կարող է նպաստել իմ դեպքում շվեյցարացուն Հայաստանի հետ ծանոթացնելու գործին։ Սա պատասխանատու և կարևոր նախագիծ է, ցանկալի կլիներ լավաշը ներկայացնելու գործում Հայաստանի կողմից որոշակի պետական աջակցություն լիներ։ Դա կնպաստեր լավաշով մեզ ճանաչելու գործընթացին»,- կարևորում է Շաբոյանը։
Նախորդ տարի հիմնադրված NetworkArmenia.ch կազմակերպության խորհրդի կազմում լինելով` նա նաև նախատեսում է կամրջել երկու երկրների մշակույթները, որից անմասն չեն մնա կրթամշակութային միջոցառումները և բիզնես փոխհարաբերությունները։
Իսկ արդեն «Գինի և կինո» գաղափարի շուրջ մարտի 1-ին նախատեսվում է Շվեյցարիայի հայերի հանդիպումը վերջին շրջանում մեծ հետաքրքրություն ունեցող հայկական առաջին սպորտային դրամայի` «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարի հեղինակ և գլխավոր դերակատար Աննա Մաքսիմի հետ։ Ֆիլմի դիտումից հետո հանդիսատեսը նրան կարող է ուղղել իրեն հուզող հարցերը։
Իսկ մայիսին Ցյուրիխում լինելու է նաև հայկական խոհանոցը ներկայացնող մեծ նախագիծ, որի մանրամասները կլինեն առաջիկայում։
Դաշնակահար Շաբոյանի գաղափարով` Հայաստանը բացահայտելու հաջորդ ակորդը կլինեն մշակութային և գինեգործական շրջագայությունները շվեյցարացի գուրմանների համար արդեն մեր երկրում։