Կալասը հայտարարել է, որ Մոլդովան «Աճի ծրագրի» շրջանակում կստանա 157 միլիոն եվրոյի չափով նոր մասնաբաժին․ Moldpres
4 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Մոլդովան «Աճի ծրագրի» շրջանակում կստանա 157 միլիոն եվրոյի չափով նոր ֆինանսավորում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Moldpres-ից, այս մասին հայտարարել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը Բրյուսելում հոկտեմբերի 5-ին կայացած Մոլդովա-Եվրոպական միություն Ասոցացման խորհրդի տասներորդ նիստից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Ասուլիսին մասնակցում էին նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանը։
Կալասը հայտնել է, որ ֆինանսական աջակցությունը տրամադրվում է Եվրոպական հանձնաժողովի դրական գնահատականի հիման վրա, որը հաստատել է, որ Մոլդովան հաջողությամբ իրականացրել է ծրագրին առնչվող 18 բարեփոխում։
Նա նշել է, որ Եվրոպական միության և Մոլդովայի միջև Ասոցացման խորհրդի նիստը հաջող է անցել, և որ կողմերի միջև համագործակցությունն ավելի սերտ է, քան երբևէ։
«Մոլդովան առաջին երկիրն էր, որը Եվրոպական միության հետ անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության համաձայնագիր ստորագրեց, և մենք աջակցում ենք այդ ոլորտի արդիականացմանը։ Ընթացիկ փաթեթի արժեքը կազմում է 317 միլիոն եվրո։ Եվրոպական միությունը նաև Մոլդովայի կարևորագույն առևտրային գործընկերն է։ «Աճի ծրագրի» (Growth Plan) շրջանակում մենք 1,9 միլիարդ եվրո ենք հատկացրել ենթակառուցվածքների և կապակցվածության զարգացման համար, իսկ այսօր հասանելի դարձրինք 157 միլիոն եվրոյի չափով նոր մասնաբաժին։ Մոլդովան աստիճանաբար ինտեգրվում է Եվրոպական միության միասնական շուկային։ Երկիրը հասանելիություն ունի վճարումների միասնական համակարգին, ինչն այն դարձնում է ավելի արդյունավետ և մատչելի, իսկ Մոլդովայի քաղաքացիները հնարավորություն են ստանում հասկանալու, թե ինչ է նշանակում լինել Եվրոպական միության մաս։ Մոլդովայի քաղաքացիների և ընկերությունների համար ընդլայնվել է նաև եվրոպական ռոումինգային գոտին», - նշել է Կայա Կալասը։
ԵՄ պաշտոնյան նաև նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկված հիմնական թեմաներից մեկն անվտանգությունն էր՝ Մոլդովայի օդային տարածքի խախտումների և Ռուսաստանի կողմից իրականացված «դիվերսիոն գործողությունների փորձերի» համատեքստում։
«Նախորդող հանգստյան օրերին ռուսական անօդաչու թռչող սարքերը կրկին խախտեցին երկրի օդային տարածքը, ինչն անընդունելի է, քանի որ այդ կերպ Կրեմլը վտանգի է ենթարկում մարդկային կյանքերն ամբողջ մայրցամաքում։ Այս գործողությունների նպատակն է վախ տարածել և կաթվածահար անել որոշումների կայացման գործընթացը։ Մենք փորձում ենք արձագանքել՝ դրսևորելով դիմակայունություն և ցուցաբերելով Ուկրաինային ուղղված ավելի մեծ աջակցություն», - ասել է Կալասը։
Նա վերահաստատել է, որ Մոլդովայի անդամակցությունը ԵՄ-ին ընդհանուր նպատակ է։
1,9 միլիարդ եվրո արժողությամբ «Աճի ծրագիրը» նպատակ ունի խթանել տնտեսական զարգացումը և աշխատատեղեր ստեղծել Մոլդովայում՝ արագացնելով բարեփոխումները և բարելավելով երկրի հասանելիությունը ԵՄ միասնական շուկային, ինչի արդյունքում Մոլդովան ավելի կմոտենա Եվրոպական միությանն անդամակցելուն։
157 միլիոն եվրոն Եվրոպական միության կողմից երկրին տրամադրվող ֆինանսական աջակցության երրորդ մասնաբաժինն է։ Այս վերջին վճարման արդյունքում ծրագրի շրջանակում Մոլդովային հասանելի դարձած ընդհանուր գումարը հասել է 661 միլիոն եվրոյի։