Իրանը գտնում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը նոր քայլ է խաղաղության հասնելու ճանապարհին և այն, ինչ որդեգրվել է այդ գործընթացի հիմքում, Ալմա-Աթայի հռչակագիրն է ու միջազգային կանոնակարգը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացին։
«Եթե սահմանազատման և սահմանագծման գործընթացն իրականացվում է միջազգային կանոնակարգերի և Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, ապա դա կնպաստի անվտանգության և խաղաղության ապահովմանը մեր տարածաշրջանում։ Հայաստանի և Իրանի միջև սահմանը շատ հստակ է։ Այն բանակցությունները, որոնք առնչվում են միջազգայնորեն ընդունված սահմանների հստակեցմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, որևէ ազդեցություն չեն կարող ունենալ հայ-իրանական սահմանի վրա»,- նշեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։