Տարածաշրջանային

Դամասկոսում Իրանի հյուպատոսության գնդակոծության զոհերի թիվը հասել է 13-ի

2 րոպեի ընթերցում

Դամասկոսում Իրանի հյուպատոսության գնդակոծության զոհերի թիվը հասել է 13-ի

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսում Իրանի հյուպատոսությանն իսրայելական օդուժի հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ ըստ իրանական IRIB պետական ​​հեռուստաալիքի՝ Դամասկոսում Իրանի դեսպան Հոսեյն Աքբարին հայտնել է, որ բացի իրանցի յոթ զինվորականներից, զոհերի թվում են նաև վեց սիրիացիներ։

Ըստ հրապարակման՝ փրկարարներն ավարտել են փլվածքների մաքրման գործողությունը և դուրս բերել բոլոր զոհվածների մարմինները։ Հարվածի հետևանքով ամբողջությամբ ավերվել է հյուպատոսության շենքը, որը գտնվում է հենց դեսպանատան մոտ․ Իրանի դիվանագիտական ​​ներկայացուցչության ղեկավարը եղել է տեղում, բայց չի տուժել։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել էր, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին ու հինգ սպաներ:

Գեներալ Մոհամմադ Ռեզա Զահեդին ԻՀՊԿ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որը սպանվել է 2020 թվականին ԱՄՆ-ի կողմից գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։ Նա ԻՀՊԿ-ի «Ղոդս» հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների հրամանատարն էր Լիբանանում և Սիրիայում։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ «Իսրայելի վարչակարգը կզղջա» հյուպատոսության վրա հարձակման համար։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին խոստացել է, որ դիվանագիտական ​​ներկայացուցչության վրա հարձակումն անպատասխան չի մնա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում