Հայաստանը ոչ մի դեպքում չի կարող զիջել իր սուվերենությունը. Երևանից արձագանքում են Ալիևի հայտարարություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունն արել և անում է ամեն ինչ, որպեսզի ունենա բաց սահմաններ՝ պահպանելով իր սուվերենությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Ադրբեջանի արևելյան շրջանները Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող ճանապարհը պետք է գործի առանց մաքսային և անձնագրային վերահսկողության:

«Հայաստանի Հանրապետությունը ոչ մի դեպքում չի կարող զիջել իր սուվերենությունը, իր ինքնիշխանությունը: Հայաստանն արել և անում է ամեն ինչ, որպեսզի ունենա բաց սահմաններ՝ պահպանելով և սուվերենությունը, և ինքնիշխանությունը: Մենք գնում ենք այս ուղղությամբ, մեզ համար գերխնդիրը սա է»,- նշեց պատգամավորը:

Արձագանքելով Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը մտադիր չէ իր զորքերը հետ քաշել Հայաստանի սուվերեն տարածքներից, որոնք օկուպացվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմին հաջորդած ժամանակահատվածում՝ Հակոբյանը նկատեց, որ տարիներ շարունակ ականատես են եղել Ադրբեջանի նախագահի նման հռետորաբանության:

«Բայց խաղաղության օրակարգը, որը հռչակվել է Հայաստանի քաղաքական իշխանությունների կողմից, պետք է անշեղորեն և տրամաբանական քայլերով առաջ շարժվի: Այդ ճանապարհին մենք բազմաթիվ դժվարություններ կարող ենք ունենալ, մեզ փորձելու են սադրել, մեզ փորձելու են հետ պահել խաղաղության օրակարգից: Բայց քաղաքական առումով դա առաջնահերթություն է»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունն անելու է ամեն ինչ, որ խաղաղության օրակարգը դառնա իրականություն: Նա վստահեցրեց, որ Հայաստանը խաղաղության օրակարգից շեղվելու ոչ մի ցանկություն չունի:

Սակայն միևնույն ժամանակ պատգամավորը նկատեց, որ դա միակողմանի անելն անհնար է:

«Բայց մենք պարտավոր ենք Հայաստանի պետական շահը վեր դասել ամեն ինչից: Եվ ես ինքս կարծում եմ, որ մեր պետական շահը պահանջում է, որ, հաշվի առնելով բոլոր դժվարությունները, մեզ համար զարմանալի, նաև անսպասելի հայտարարությունները, խաղաղության օրակարգով պետք է առաջ շարժվենք»,-նշեց նա:

Խաղաղության օրակարգն այն օրակարգն է, որը պահանջում է Հայաստանի պետական շահը: Պատգամավորը վստահեցրեց՝ իշխանությունը չի անի պետական շահին չմիտված որևէ քայլ:

«Մեր ցանկությունը Հայաստանի 29 հազար 800 քառ. կմ տարածքն անվտանգ դարձնելն է: Այս ճանապարհը բավականին բարդ, կնճռոտ է, միգուցե, կարող է ցավոտ լինել: Բայց մենք պետք է այս քայլերը տրամաբանորեն հասցնենք իրենց հանգրվանին, որովհետև միայն այս հանգրվանում Հայաստանը կարող է ունենալ այն ապագան, որը մենք երազում ու կանխատեսում ենք»,-ասաց Հակոբյանը:

Հայերեն العربية English Español Русский Türkçe 中文

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի