Գյումրիում ազդարարվեց «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագրի պաշտոնական մեկնարկը
4 րոպեի ընթերցում
ԳՅՈՒՄՐԻ,13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում հունվարի 12-ին ազդարարվեց «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ ծրագիրն իրականացվում է «Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի (ԳՏՏԿ) կողմից՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան ֆինանսավորմամբ: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Ճապոնիայի դեսպան Յուտակա Աոկին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, հյուրեր։
Միջոցառման ժամանակ քառակողմ համագործակցության հուշագիր ստորագրվեց ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Շիրակի մարզպետի աշխատակազմի և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի միջև, ինչպես նաև ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Յուտակա Աոկիի և Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի միջև՝ ՀՀ-ում առաջին Կանաչ տեխնոլոգիական կրթական կենտրոնի («ԳրինԹեք») հիմնման վերաբերյալ:
«Ծրագրի նպատակն է ստեղծել կանաչ տեխնոլոգիաների հաբ, ավանդական ոլորտներում կիրառելի տեխնոլոգիական հստակ պրոդուկտներ, ձևավորել կանաչ և էկոլոգիապես մաքուր էկոհամակարգ, մեծացնել տեխնոլոգիական և էկո զբոսաշրջությանը խթանող «Chill with Tech» կացարանների թիվը»,-նշեց Ամալյա Եղոյանը:
«Խոսելով ինովացիոն ծրագրերը հեռավոր համայնքներ տանելու մասին՝ ևս մեկ անգամ շեշտում ենք կառավարության կողմից ապակենտրոն զարգացման մասին և ցանկացած նմանատիպ նորարարական ծրագիր, որը կնպաստի հեռավոր համայնքների ու բնակավայրերի զարգացմանը, արժանանում է կառավարության աջակցությանը։ ԳՏՏԿ-ի հետ տարբեր համագործակցային ծրագրեր ենք իրականացրել և այդ ծրագրերով փորձել ենք սոցիալական թիրախային խմբեր ներգրավել, այս ծրագրում ևս ունենք պայմանավորվածություն, որ որոշակի սոցիալական խմբեր են դառնալու շահառու»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Այս ծրագրի մեկնարկը ևս մեկ առիթ է շեշտելու տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարական մոտեցումների կարևոր դերն ու նշանակությունը, ինչի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում նպաստել համայնքի զարգացմանը, բարելավել համայնքի բնակչի կենսամակարդակը։ Շիրակի մարզում ռիսկերի կառավարմանն ու համայնքի կայուն զարգացմանն ուղղված նորարական այս մոտեցումների շնորհիվ հնարավոր կլինի ձևավորել մաքուր էկոհամակարգ, ունենալ տեխնոլոգիական հստակ արտադրանք, տեղադրել արևային վահանակներ, ինչպես նաև Գյումրու երիտասարդ ինժեներների կողմից կստեղծվեն հոսանքի և այլ ծառայությունների խելացի կառավարման համակարգեր։ Առհասարակ, որքան զարգացած է համայնքը տեխնոլոգիական լուծումներով, այնքան դրական ազդեցություն կունենա ինչպես տեղի բնակիչների, այնպես էլ հյուրերի սպասարկման մակարդակի վրա»,-նշեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Միջոցառման ավարտին կազմակերպվել էր այց ծրագրի իրականացման տարածք՝ Մարմաշեն բնակավայր։
Արմենուհի Մխոյան