ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետնախարար Ջեյմս Քլևերլիի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարնները քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը:
«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն բազմիցս, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ավելի քան 9 ամիս տևած ապօրինի արգելափակման ընթացքում ահազանգել է Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի բացահայտ մտադրության մասին՝ հավելելով, որ միջազգային հանրությունը փաստացիորեն չկարողացավ գործուն քայլերով կանխել այդ մտադրության իրականացումը:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակչության բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա հետևանքով առաջացած հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրներին և միջազգային գործընկերների հետ այդ հարցում փոխգործակցությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով տարածաշրջանում ընդհանուր անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանը շեշտել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ նկրտումների զսպման անհրաժեշտությունը: Այս առումով կարևորվել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության հիմնական ուղերձներին գործընկերների աջակցությունը:
Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ՄԹ երկկողմ օրակարգի ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ: