«Նոր գիրք»-31/26. Արզումանյան, Անդերսոն, Լայքեր
4 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ գրականություն
Աննա Արզումանյան, «Երկրի քարտեզը երկիրը չէ»

Միայն երեսուն տարին լրանալուց հետո հեղինակը քարտեզի վրա գտնում է Հայաստանը՝ բաց թաշկինակի ձև ունեցող մի փոքր երկիր, որը կրում էր նույն անունը, ինչ իր մանկության հիշողություններում։ Այդ պահից սկսվում է ոչ միայն աշխարհագրական, այլև ինքնության որոնումը․ մի ճանապարհ, որտեղ երազանքն ու իրականությունը, հիշողությունն ու պատմությունը վերջապես հատվում են։ Գիրքը լույս է ընծայել «Ակտուալ արվեստ»-ը:
Թարգմանական գրականություն
Փոփի Ջ. Անդերսոն, «Մի գդալ սեր»

Էնդրյու Նայթն ունի այն ամենը, ինչի մասին կարելի է երազել․ շահութաբեր ռեստորան, փայլուն կարիերա, ճանաչում և ֆինանսական ապահովություն։ Սակայն մի օր զգում է, որ կորցրել է կյանքի ու իր սիրելի աշխատանքի հաճույքը։ Ամեն ինչից հեռանալու և ինքն իրեն վերագտնելու մտադրությամբ Էնդրյուն մեկնում է Մեյն։ Առափնյա փոքրիկ քաղաքում հանգիստը սկսվում է ճանապարհային պատահարով։ Ծանոթանում է Բրուքի հետ՝ համառ, ինքնուրույն ու սրամիտ մի աղջկա, որն ամենևին պատրաստ չէ ներել անփույթ անծանոթին։ Սկզբում նրանք չեն հանդուրժում միմյանց և խուսափում են հանդիպումից, բայց ճակատագիրը նորից խաչում է նրանց ճանապարհները։ Կյանքը նրանց ստիպում է բացահայտել իրենց վախերը, վերագնահատել արժեքները և պայքարել սիրելի մարդկանց համար։ Պարզվում է, որ երջանկության համար երբեմն բավական է ընդամենը... մի գդալ սեր։Հումորով, ջերմությամբ և անսպասելի շրջադարձերով լի ռոմանտիկ պատմությունը հիշեցնում է, որ իսկական սերը գալիս է այն պահին, երբ ամենից քիչ ես սպասում նրան։ Թարգմանիչ՝ Ռուզան Յորդանյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։
Նոն ֆիքշն գրականություն
Ջեֆրի Ք․ Լայքեր, «Տոյոտայի ուղին»

Կառավարման 14 սկզբունք՝ աշխարհի առաջատար ավտոարտադրողից
Ավտոարդադրության հսկա «Տոյոտա» ընկերության շլացնող հաջողությունն արդեն տասնամյակներ շարունակ անսպառ հետաքրքրության աղբյուր է աշխարհի տարբեր անկյուններում բիզնես վարող ընկերությունների համար: Տոյոտա ավտոմեքենաների հուսալիությունը դարձել է համաշխարհային ավտոարդյունաբերության ոսկե չափանիշ, ուստի յուրաքանչյուրը, ով հետաքրքրված է ապրանքների և ծառայությունների որակի բարձրացմամբ, այս կամ այն կերպ ծանոթանում է ճապոնական մեքենաշինական հսկայի փորձին:
Գրքի հեղինակ պրոֆեսոր Ջեֆրի Լայքերն ընթերցողին ծանոթացնում է «Տոյոտայի» հաջողության ակունքների հետ՝ վերլուծելով ընկերության կառավարման 14 հիմնական սկզբունքները, որոնք ձևավորում են ընկերության յուրատիպ փիլիսոփայությունը: «Տոյոտայի ուղու» հիմքում աշխատակիցների նկատմամբ ցուցաբերվող առանձնահատուկ մոտեցումն է, որը դրսևորվում է ուսուցման և շարունակական զարգացման միջոցով: Հենց ջանասեր և պատասխանատու մարդիկ են դառնում ցանկացած ընկերության հաջողության բանալին: Թարգմանությունն անգլերենից՝ Արշակ Գևորգյանի։ Խմբագիր՝ Հայկ Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը: