ԱՄՆ կոնգրեսում կոչ են արել աջակցել Հայաստանին և դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նորանշանակ նախագահ Բոբ Քարդինը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով Հայաստանին աջակցելու և Ադրբեջանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը վերագնահատելու անհրաժեշտությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդինը նշել է, որ գրեթե 1 տարվա սարսափելի շրջափակումից, այնուհետև ռազմական ուժի կիրառումից հետո Ադրբեջանին հաջողվեց վերահսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղը՝ «ջնջելով այնտեղից հայ բնակչությանը և հարուստ պատմությունը»։

«Մինչ աշխարհը շարունակում է պայքարել Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների համակարգված, միտումնավոր արշավի հետ, մենք պետք է առաջնահերթություն տանք արտաքսված հայերին աջակցությանը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին», - նշված է հայտարարությունում։

Հանձնաժողովի նախագահը կարևոր է համարել այնպիսի քայլերի ձեռնարկումը, որոնք թույլ չեն տա, որ Ադրբեջանը ռազմական առումով առաջ գնա՝ փորձելով նոր տարածքներ գրավել։

«Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական աջակցությունը, մինչև այն չկանգնեցնի այս դաժան արշավը։ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը պետք է նաև վերահաստատեն հանձնառությունը պատերազմական հանցագործությունների և վայրագությունների փաստագրմանը, ինչպես նաև շարունակեն աջակցել ռազմագերիների վերադարձին, որոնցից շատերին Ադրբեջանը շարունակում է պահել», - շեշտել է Բոբ Քարդինը։

Սենատորը նաև անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի նկրտումներին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» առումով։

«Վերջապես, մենք պետք է համերաշխությամբ կանգնենք հայ ժողովրդի կողքին, հատկապես երբ Ադրբեջանն ու Թուրքիան դիտարկում են «Զանգեզուրի միջանցքի» հնարավորությունը։ Մենք պետք է ավելացնենք հումանիտար աջակցությունն այն էթնիկ հայերին, որոնք հեռացել են Լեռնային Ղարաբաղից։ ԱՄՆ-ն պետք է նաև շարունակի աջակցել Հայաստանի ղեկավարության կողմից վերջին տարիներին նախաձեռնած ժողովրդավարական բարեփոխումներին, այդ թվում՝ թափանցիկության ապահովման, արդյունավետ կառավարման և ԱՄՆ-ի ու Արևմտյան Եվրոպայի հետ ավելի ընդարձակ տնտեսական համագործակցության ջանքերին», - եզրափակել է սենատոր Քարդինը։

Հայերեն English Español Русский Türkçe

Վահան Կոստանյանը հանդիպել է Պաղեստինի արտաքին գործերի և սփյուռքի նախարարի հետ

Լևոն Աբրահամյանը՝ Հայաստանի նկարիչների միության նոր նախագահ

Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած երկու պատերազմների ընթացքում զոհվել է առնվազն 428 երեխա և դեռահաս

Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտակայքում 58-րդ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ը խոցելու մասին

Հայաստանում կստեղծվի կիբեռանվտանգության կամպուս. ծրագիրը կիրականացվի Ֆրանսիայի և ԵՄ-ի աջակցությամբ

Կայացավ ՀՆՄ 21-րդ համագումարը

Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն

Հունաստանի ամենահեղինակավոր Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես

«Վայլդբերրիզ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենի փոփոխությունը չի ազդում ընկերության գործառնական գործունեության վրա