Պեսկովը բացասաբար է արձագանքել Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը՝ չնայած մինչ այդ Երևանից տրված պարզաբանումներին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ ճեպազրույցում բավական ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը և դրա հետ կապված Ռուսաստանի մտահոգություններին՝ չնայած Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչն օրերս պարզաբանումներ էր տվել թեմայի շուրջ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պեսկովը Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը բնութագրել է որպես երկկողմ հարաբերությունների տեսանկյունից «ոչ ճիշտ» քայլ։
«Մենք կասկածում ենք և ի սկզբանե կասկածում էինք, որ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի միացումը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին ճիշտ է, և մենք դեռ կարծում ենք, որ դա ոչ ճիշտ որոշում է», - Պեսկովի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։
Դմիտրի Պեսկովը նաև ընդգծել է՝ Մոսկվան չէր ցանկանա, որ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը «երբևէ որևէ պատճառով ստիպված լինի հրաժարվել Հայաստան այցից»։
Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի բարեկամ երկիրը։
«Հայաստանը բարեկամ պետություն է, մեր գործընկերը։ Եվ, իհարկե, եղբայրական հայ ժողովրդի հետ մեզ շատ բան է միավորում, և կասկած չունենք, որ միշտ կմիավորի, բայց միևնույն ժամանակ, անշուշտ, լրացուցիչ հարցեր կունենանք Հայաստանի ներկայիս ղեկավարությանը։ Դրանք նախապես փոխանցվել են հայկական կողմին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Ռուսաստանի այս մտահոգությունների առնչությամբ օրերս պարզաբանել էր, որ պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով, և ռուս գործընկերներին առաջարկվել են այն լուծումները, որոնք հիմնված են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասի վրա։
Իր հերթին Պեսկովը կարծում է, թե պարզ չէ՝ ինչպես հայկական կողմը կարող է ապահովել ՌԴ նախագահի ձերբակալության հրամանի հետ կապված հատուկ պայմաններն ու բացառությունները։
2023 թ․ մարտին Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահի, ինչպես նաև երեխաների իրավունքների հարցերով ՌԴ նախագահի հանձնակատարի ձերբակալության հրահանգ է տվել՝ նրանց մեղադրելով «ուկրաինացի երեխաների անօրինական արտաքսման մեջ»։ Մոսկվայում հերքել են այս մեղադրանքները։