Իրանն ու Բելառուսը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները
1 րոպեի ընթերցում
![Իրանն ու Բելառուսը քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/08/1116657.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հետ քննարկել է ռազմական ոլորտում Թեհրանի և Մինսկի միջև համագործակցության հեռանկարները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ տեղեկացնելով, որ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են զինված ուժերի պատրաստման և կիրառման ոլորտում համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև նախանշել երկկողմ փոխգործակցության խորացման և ակտիվացման հետագա քայլերը;
Բաղերին, մասնավորապես, նշել է, որ այսօր անկախ երկրները, որոնք բախվում են ԱՄՆ-ի և Արևմուտքի դաժան պատժամիջոցներին, պետք է զարգացնեն հարաբերություններն ու փոխգործակցությունը միմյանց հետ:
«Համաշխարհային ուժային կառուցվածքում տեղի ունեցող փոփոխություններին համապատասխան՝ մեր ռազմական հարաբերությունները պետք է ընդլայնվեն, քանի որ գլոբալ ուժային կառուցվածքը արագորեն փոխվում է միաբևեռ աշխարհից դեպի բազմաբևեռ»,- ասել է նա։