Lufthansa Cargo–ն կանոնավոր բեռնափոխադրումներ կիրականացնի Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Lufthansa խմբի բեռնային ավիափոխադրող Lufthansa Cargo AG ընկերության առաջին կանոնավոր օդային բեռնափոխադրումները՝ Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր կիրակի:
Lufthansa Cargo AG ընկերության ԱՊՀ երկրների վաճառքի և սպասարկման գլխավոր տնօրեն Անժելա Գիլֆանուտդինովան ընդգծեց, որ բեռնափոխադրումները կանոնավոր կիրականցվեն դեպի Ֆրանկֆուրտ, որտեղից էլ անհրաժեշտաբար՝ այլ եվրոպական երկրներ:
«Այժմ մենք դիտարկում ենք շաբաթական իրականացնել մեկ չվերթ, բայց ես համոզված եմ, որ շուկայի հնարավորությունները կարճ ժամանակահատվածում թույլ կտան խոսել թռիչքների օրերը ավելացնելու մասին: Հայաստանը համարվում է տնտեսական առումով հեռանկարային ուղղություն ավիաընկերության համար, քանի որ այստեղ բեռներ փոխադրել ցանկանում են եվրոպական և ամերիկյան շատ ընկերություններ։ Մենք հաշվի ենք առել մեր հաճախորդների կարծիքը ու բացել այս ուղղությունը»,- նշեց Անժելա Գիլֆանուտդինովան։
Lufthansa Cargo AG ընկերության Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի, Հարավային Ասիայի և ԱՊՀ տարածաշրջանային կոմերցիոն ղեկավար Հանո Բուրվիցը նշեց, որ այս նոր ուղղությունը շատ կարևոր է Lufthansa Cargo AG ընկերության համար՝ ընդգծելով, որ սա հնարավորություն կտա Հայաստանը կապել Գերմանիային և ամբողջ աշխարհին, քանի որ ընկերությունն ամբողջ աշխարհում ունի մոտ 300 ուղղություն՝ ավելի քան 100 երկրներում:
«Այս ուղղությունը, վստահ եմ, հետագայում նաև կնպաստի Հայաստանի տնտեսական զարգացմանը: Հուլիսի 30-ին կայացավ առաջին չվերթը A321 բեռնատար օդանավով, և մենք արդեն ունենք մեծ արձագանք մի շարք երկրներից, որտեղից կա մեծ պահանջարկ դեպի Հայաստան բեռներ ուղարկելու: Սա նաև կարևոր է նրանով, որ Lufthansa ընկերությանը տարածաշրջանում հենց Երևանն է ընտրել բեռնափոխադրումներ իրականացնելու նպատակով»,- նշեց Հանո Բուրվիցը։
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանն ընդգծեց, որ հանրային շրջանակներում միշտ հետաքրքրվածությունը սևեռված է դեպի ուղևորային փոխադրումներ, բայց բեռնային փոխադրումները ավիացիայի անբաժան, կարևոր, մասերից է, և Ֆրանկֆուրտի նման մեծ, լոգիստիկ կենտրոնի ուղիղ և կանոնավոր կապը Հայաստանի հետ, անշուշտ, մեծ ու կարևոր իրադարձություն է:
«Ես հավատացած եմ, որ կարճ ժամանակում աճելու ենք, և կանոնավոր թռիչքներն իրականցնելու ենք ավելի հաճախ»,-ընդգծեց Ավետիսյանը:
Նշենք, որ Lufthansa Cargo - ն աշխարհի առաջատար բեռնափոխադրող ընկերությունների շարքում է։ Վերջին տվյալներով՝ ընկերությունում աշխատում է շուրջ 4500 մարդ՝ ողջ աշխարհում։ Ավիափոխադրողը սպասարկում է աշխարհի 100 երկրների շուրջ 300 նպատակակետեր իր բեռնատար օդանավերով, իրականացնում է ուղևորափոխադրումներ «Լյուֆթանզա» (Lufthansa), «Ավստրիական ավիաուղիներ» (Austrian Airlines) և Eurowings-ի միջոցով: Բեռների բիզնեսի հիմնական մասն անցնում է Ֆրանկֆուրտի օդանավակայանով ։ Lufthansa Cargo-ն գերմանական Deutsche Lufthansa AG ընկերության դուստր ձեռնարկությունն է։