Աշխարհ

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Հնդկաստանում բժշկական ինստիտուտի ընդունելության քննական հարցերի արտահոսքի պատճառով սկսված զանգվածային ցույցերի ֆոնին վարչապետ Նարենդրա Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Խորհրդարանական հարցերի նախարար Քիրեն Ռիջիջուն Reuters-ին հայտնել է, որ Մոդին իշխող դաշինքի պատգամավորներին ասել է, որ կառավարությունն անմիջապես գործողություններ է ձեռնարկել այն բանից հետո, երբ հաղորդումներ է ստացել մայիսին տեղի ունեցած քննական խախտումների վերաբերյալ, 13 մարդ ձերբակալվել է և ազատազրկվել։

Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ վերաքննությունը հաջողությամբ անցկացվել է, և արդյունքները ժամանակին հրապարակվել են։

Ըստ նախարարի՝ Մոդին նաև նշել է, որ հետագայում երիտասարդությանը վտանգի չենթարկելու համար բոլորը պետք է համախմբվեն՝ ապահովելու, որ «խիստ քայլեր ձեռնարկվեն, մեղավորները պատժվեն, և անթերի համակարգ ստեղծվի»։

Դելիում և մոտակա շրջաններում հուլիսի 20-ին հազարավոր ցուցարարներ են հավաքվել և երթով գնացել դեպի խորհրդարանի շենք՝ միանալով երիտասարդական «Խավարասերների ժողովրդական կուսակցություն» շարժմանը, որը սկսվել էր համացանցում՝ որպես երգիծանք։ Ցուցարարները պահանջում են կրթության նախարար Դհարմենդրա Պրադհանի հրաժարականը՝ նշելով, որ քննական հարցերի արտահոսքը վկայում է կրթական համակարգում կոռուպցիայի մասին։

Հուլիսի 20-ի ցույցի ժամանակ տեղի ունեցած բախումների հետևանքով, ըստ Դելիի ոստիկանության, վիրավորվել է 180 մարդ, այդ թվում՝ 118 իրավապահ և 60 ցուցարար։

Իր հերթին, «Խավարասերների ժողովրդական կուսակցություն» շարժման հիմնադիր Աբհիջիթ Դիպկեն հայտարարել է, որ 150 ցուցարար հոսպիտալացվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում