Գեղարքունիքի մարզի 5 առողջապահական հիմնարկներում 2022 թվականին ներդրվել են 15 նոր բժշկական ծառայություններ

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի բժշկական կենտրոնները և Ճամբարակի առողջության կենտրոնը 2022 թվականին ՀՀ կառավարության կողմից իրականացված հրատապ ծրագրերի շրջանակներում վերազինվել են ժամանակակից բուժսարքավորումներով, ինչի արդյունքում նշյալ բուժհաստատություններում ներդրվել են 15 նոր բժշկական ծառայություններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, 2022 թվականին մարզային ենթակայության առողջապահական հիմնարկների բյուջեն պլանավորված է եղել 3 միլիարդ 967 միլիոն 214 հազար 800 դրամի չափով, իսկ փաստացի կատարողականը կազմել է 4 միլիարդ 485 միլիոն 288 հազար 637 դրամ։ Պլանավորածի համեմատությամբ բյուջեն կատարվել է 13 տոկոս կամ 518 միլիոն 73 հազար 837 ՀՀ դրամով, որը պայմանավորված է նոր բժշկական սարքավորումների ձեռքբերմամբ ու նոր ծառայությունների ներդրմամբ:

2022 թվականին մարզի առողջապահական հիմնարկներում 341 միլիոն 212 հազար 236 դրամի չափով, սեփական և պետական միջոցներով իրականացվել են շինարարական աշխատանքներ, ձեռք է բերվել գույք և բժշկական սարքավորումներ։ Շինարարական աշխատանքների ծավալը կազմել է 8 տոկոս կամ 25 միլիոն 947 հազար դրամ, գույքի և սարքավորումների ձեռքբերման ծավալը՝ 92 տոկոս կամ 315 միլիոն 265 հազար դրամ: «Մարտունի ԲԿ» և «Սևանի ԲԿ» ՓԲԸ- երում հատկացվել է ընդհանուր գումարի 19-ական տոկոսը, «Գավառի ԲԿ» ՓԲԸ-ում և «Ճամբարակի ԱԿ»-ում՝ 16-ական, «Վարդենիսի ԲԿ»-ում՝ 9, «Մարտունու ծննդատուն» ՓԲԸ-ում 5 և առողջապահության առաջնային պահպանման կենտրոններում՝ 1 տոկոսը:

«Իրականացված շինարարական աշխատանքների, տեխնիկական և կադրային վերազինումների արդյունքում մարզի 5 հիվանդանոցային ծառայություններ մատուցող բուժհիմնարկներում, միասին վերցրած, ներդրվել են մանկական վիրաբուժական, մանկական քիթ-կոկորդ-ականջաբանի, էնդոսկոպիկ, շճաբանական լաբորատոր-ախտորոշիչ, ակնաբուժական, անոթային վիրաբուժական, գաստրոսկոպիական, հոլտեր հետազոտության, մաշկաբանական հետազոտության, դիմածնոտային վիրաբուժության, վնասվածքաբանական, ակնաբուժական վիրահատության և պալիատիվ բժշկական օգնության նոր ծառայություններ։ Իրականացված ծրագրերի շնորհիվ էապես բարձրացել է բուժսպասարկման որակն ու արդյունավետությունը, կրճատվել է առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների հոսքը դեպի մայրաքաղաքի բուժհաստատություններ»,-նշեց Լուսինե Վարդանյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն