ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին հաղթանակի առիթով
2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
«Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին՝ խաղաղության հաստատման ջանքերում, և մենք հանձնառու ենք առաջ մղելու Վաշինգտոնի խաղաղության պատմական գագաթնաժողովի նպատակները, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի իրագործումը։ Մենք ակնկալում ենք համատեղ աշխատել՝ Հարավային Կովկասում և նրա սահմաններից դուրս խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X սոցիալական ցանցի իր էջում գրել է Ռուբիոն։
Congratulations to Prime Minister @NikolPashinyan on his party’s reelection. The United States stands with Prime Minister Pashinyan and Armenia in the pursuit of peace, and we are committed to advancing the goals of the historic Washington Peace Summit, including implementation…
— Secretary Marco Rubio (@SecRubio) June 8, 2026
Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 160 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։