ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԹ գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հունիսի 30-ին ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության էկոնոմիկայի, գիտության և տեխնոլոգիաների հարցերով գլխավոր տնօրեն Կումար Այիրին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված կառուցողական երկխոսությունը և հարաբերությունների հետագա զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ Երկուստեք կարևորվել է մայիսին ազդարարված ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկի ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Անդրադառնալով տնտեսական կապերի ակտիվացման անհրաժեշտությանը՝ կողմերը դրանց ընդլայնման ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնել։
Ըստ աղբյուրի՝ կողմերը անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը: ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին:
Նշվում է, որ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը։