Նորաձևության տոն Երևանում. մեկնարկում է առաջին «Yerevan Fashion Week»-ը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական նորաձևության հաջողությունները ոլորտի մասնագետներին, հանրության լայն շրջանակին ներկայացնելու, երիտասարդ դիզայներներին ստեղծագործելու հարթակ տրամադրելու նպատակով Նորաձևության և դիզայնի պալատի նախաձեռնությամբ հուլիսի 1-6-ը Երևանում՝ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում, առաջին անգամ կանցկացվի «Նորաձևության շաբաթ»-ը (Yerevan Fashion Week):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կարևորագույն իրադարձության շրջանակում ավելի քան քսան տաղանդավոր հայ դիզայներներ կցուցադրեն իրենց ոճային և ժամանակակից հավաքածուները, մասնակիցները հնարավորություն կունենան տեսնելու ավելի քան վաթսուն հայկական բրենդների արտադրանքը մի վայրում, մասնակցելու պանելային քննարկումների և ցուցահանդեսների:

Հունիսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը Նորաձևության և դիզայնի պալատի նախագահ Վահան Խաչատրյանը հիշեցրեց, որ երկու անգամ Հայաստանում նորաձևությանը նվիրված ֆորում են կազմակերպել, որին հրավիրել են միջազգային փորձագետների: Նախաձեռնել են հայկական նորաձևությանը նվիրված «Նոյի սերունդները», «Ժառանգություն» ցուցահանդեսները, որոնք ընդգրկել են ավելի քան 150 դիզայների աշխատանքներ: Ցուցահանդեսների հիման վրա տպագրել են երկու պատկերագիրք, որոնք տարածել են աշխարհում:

Հենց այդ ֆորումներն են հիմք ծառայել «Նորաձևության շաբաթ»-ը կազմակերպելու համար: «Համագործակցում ենք Հայաստանի էկոնոմիկայի նախարարության հետ և երկար ժամանակ փորձել ենք նախարարության ուշադրությունը հրավիրել տեքստիլ ոլորտի վրա, երկխոսել ենք՝ կարևորելով ոլորտի առաջխաղացումն ու դրան ստեղծագործ արդյունաբերությունը կցելը, քանի որ այդ երկուսի համատեղության արդյունքում է հնարավոր բարձրացնել տեքստիլի որակը, և հանդես գալ ոչ թե ուղղակի ներքնազգեստի արտադրությամբ, այլ բարձր որակի նորաձևությամբ»,-շեշտեց Խաչատրյանն ու հավելեց, որ երկար պայքարից հետո ՀՀ կառավարությունը հինգ տարով հաստատել է տեքստիլի ոլորտի առաջխաղացման ծրագիրը, որի կարևոր կետերեց մեկը Հայաստանում և երկրից դուրս հատուկ հարթակների ստեղծումն է, որտեղ կներկայացվեն հայ արտադրողները: Նման նպատակի է ծառայելու «Նորաձևության շաբաթ»-ը:

Նորաձևության և դիզայնի պալատի համահիմնադիր, ծրագրերի ղեկավար Էլեն Մանուկյանն էլ կարևորեց «Fashion Scout Armenia» երիտասարդ տաղանդների մրցույթը: «Երկու ամիս է, ինչ հայտարարվել է մրցույթը, որին մասնակցել է ավելի քան քառասուն սկսնակ հայ դիզայներ: Առաջին փուլում ընտրվել են ութ մասնակիցներ, որոնք հնարավորություն կունենան իրենց հավաքածուները ներկայացնել բացման հանդիսավոր արարողությանը: Նրանցից կընտրվեն երկուսը: Հաղթողներից մեկին հնարավորություն կտրվի սեպտեմբերին Անգլիայում մասնակցելու «Fashion Scout»-ին, իսկ մյուսը կստանա հայ դիզայներ Նաիրա Խաչատրյանի անվան մրցանակը: Նաիրան տրիկոտաժի ոլորտի հայ դիզայներ է, որն ապրում Է Ֆլորենցիայում: Նա երկու ամսով կհյուրընկալի հաղթողին, որն այնտեղ վերապատրաստվելու առիթ կունենա»,-պատմեց Մանուկյանը:

«Երևանի նորաձևության շաբաթ»-ի կազմակերպմանն ու անցկացմանը մի շարք այլ կառույցների հետ աջակցում են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, GIZ-ը և Հայաստանում Բրիտանիայի դեսպանությունը:

Բրիտանական դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսի խոսքով՝ Երևանը հայտնի է հարուստ մշակութային ժառանգությամբ, իսկ այժմ պատրաստ է համադրելու ավանդույթն ու ժամանակակիցը նորաձևության աշխարհում: «Ստեղծարարության մեկշաբաթյա տոնախմբությունը ոչ միայն ցույց է տալու նորագույն միտումներն ու դիզային դրսևորումները, այլև լավագույն հարթակն է դառնալու սկսնակ դիզայներների, մոդելների համար, հարթակ, որտեղ նրանք կարող են փայլել»,-շեշտեց Մորիսը:

Նա նշանակալի համարեց շաբաթվա ընթացքում կազմակերպվող նորաձևության շոուները, ցուցադրությունները, մասնագիտական խորացված քննարկումները, մասնագիտական կապեր ստեղծելու, ոլորտի ներկայացուցիչների հետ ծանոթանալու հնարավորությունները, ինչը կարող է ոգեշնչման աղբյուր դառնալ ապագա սերնդի համար, և կնպաստի նրան, որ նրանք էլ հետամուտ լինեն իրենց երազանքների ու ոգևորող գաղափարների իրականացմանը:

Նորաձևության և դիզայնի պալատը նպատակ ունի «Նորաձևության շաբաթ»-ը դարձնել ամենամյա՝ հնարավորինս զարգացնելով հայկական նորաձևությունը և այն ճանաչելի դարձնելով համաշխարհային հարթակներում:

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում