Life

Նուռը, հայկական իշխանն ու ծիրանը՝ HerMine Dialog բացօթյա շոուի ուտեստների հիմքում․ Երևանի կենտրոնում գաստրոտոն էր

6 րոպեի ընթերցում

Նուռը, հայկական իշխանն ու ծիրանը՝ HerMine Dialog բացօթյա շոուի ուտեստների հիմքում․ Երևանի կենտրոնում գաստրոտոն էր

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկում գաստրոտոն էր՝ լցված տարատեսակ հայկական մթերքների ու գինու նուրբ ու ախորժելի բույրով։ Դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանի հեղինակած HerMine Dialog նախագիծը դուրս եկավ տաղավարից և ներկայացվեց բացօթյա շոուի ձևաչափով։ Վաղ առավոտից Հայաստանի և արտերկրի ազգությամբ հայ ֆուդ բլոգերները երևանյան ռեստորաններից մեկի խոհանոցում պատրաստել էին նախուտեստ, աղցան, հիմնական ուտեստ և աղանդեր, որոնց հիմքում հայկական մթերքն էր։

8D1A5990.JPG (622 KB)

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ HerMine Dialog Show-ի ժամանակ նրանք կատարեցին վերջին հպումներն ու 140 մասնակիցներին հյուրասիրեցին իրենց պատրաստած ուտեստները՝ համադրված հայկական գինով։

8D1A5925.JPG (864 KB)

Ռուսաստանաբնակ Կարինե Վարդանյանը՝ ՄուշԿարան, պատրաստել էր բլղուրով նախուտեստ, “Cairo Foodie Couple” Շահան և Մելիս Թերզիբաշյանները՝ Եգիպտոսից, պատրաստել էին նուռով, ընկույզով և ծիրանաչրով աղցան, հայաստանաբնակ Շաղիկ Տեր-Վարդանյանը հայկական իշխանը համադրել էր Միջին Արևելքի խոհանոցի բաղադրիչներ զաթարի ու թահինի հետ, ՌԴ-ում բնակվող Սոնյա Ավագյանն էլ ապահովել էր հյուրասիրության ամենաքաղցր հատվածը՝ ելակով և շոկոլադով աղանդերը։

8D1A6229.JPG (726 KB)

«Իմ գործունեության առանցքում մշտապես եղել է հայկական մշակույթի ու տեղական արտադրանքի հանրայնացումը։ Խոհանոցը սահմաններ չի ճանաչում․ այն միավորում է տարբեր ազգության, տարիքի, նախընտրությունների մարդկանց և հնարավորություն տալիս պատմելու երկրի մասին՝ առանց «թարգմանության»։Ուրախ եմ, որ շոուի մասնակից ֆուդ բլոգերների հետ կարողացանք իրական գաստրոտոն պարգևել մեր հյուրերին՝ նրանց մատուցելով նրբաճաշակ համադրություններ, որոնց հիմքում հայկական տարբեր մթերքներն էին»,-ասաց Հերմինե Ստեփանյանը։

8D1A6166.JPG (511 KB)

Շահան և Մելիս Թերզիբաշյանները նշեցին, որ մեծ սիրով են այցելել Հայաստան՝ մասնակցելու սպասված միջոցառմանը, որին իրենց հրավիրել է Հերմինե Ստեփանյանը: «Մենք շատ ենք սիրում Հայաստանն ու ամեն ամառ գալիս ենք այստեղ, իսկ Հերմինեի շոուն վերադառնալու լավ առիթ էր, և մենք մեր հետևորդներին կարող ենք ասել, թե որքան գեղեցիկ է մեր երկիրը, մեր բնությունը, որքան համեղ ենք այստեղ ուտեստները»,-նշեց Մելիս Թերզիբաշյանը:

8D1A5940.JPG (649 KB)

HerMine Dialog Show-ն ծառայեց հարթակ, որպեսզի արտերկրում մեծ լսարան ունեցող հայ ֆուդ բլոգերները ևս մեկ անգամ աշխարհին պատմեն Հայաստանի գաստրոնոմիական հնարավորությունների մասին։

HerMine Dialog Show-ի հյուրերը դարձան Հերմինեի և իր հյուրերի անկեղծ ու անմիջական զրույցի մասնակիցը, ստացան խոհարարական գիտելիքներ ուտեստների ու խմիչքի ճիշտ համադրության, գեղեցիկ ու ներդաշնակ միջավայր ստանալու գաղտնիքների մասին։

8D1A6153.JPG (947 KB)

HerMine Dialog Show-ն կայացավ «Երևանյան գաստրոնոմիկ շոուներ» միջոցառման շրջանակում։ Երեք օր շարունակ արտերկրի և Հայաստանի հեղինակավոր խոհարարների, ֆուդ բլոգերների ու գինեգետների մասնակցությամբ անցկացվելու են վարպետության դասեր, գաստրոնոմիկ շոուներ, ինչպես նաև տարատեսակ ուտեստների, գինու և ոգելիչ խմիչքների համտես, խաղեր։ Այս օրերին բացի HerMine Dialog Show-ից Հերմինե Ստեփանյանը վարելու է այլ միջոցառումներ ևս, որոնց ընթացքում կկրի հայկական նորաձևության տների ստեղծած հագուստները՝ ևս մեկ անգամ շեշտադրելով հայկական արտադրանքին նախապատվություն տալու կարևորությունը։

8D1A6322.JPG (865 KB)

Դերասանուհի, հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանի կյանքում արվեստը, ստեղծարարությունն ու նորի բացահայտումները միշտ իրենց ուրույն տեղն են ունեցել։ Դեպի հեռուստատեսություն, կինո, արվեստ ու խոհարարություն տանող ճանապարհներին Հերմինեի թողած հետագիծը նպաստել է Հայաստանի ու հայկական մշակույթի ճանաչելիության բարձրացմանը թե՛ հայրենիքում, թե՛ դրա սահմաններից դուրս։

2000-ականների սկզբին մասնագիտական ուղին սկսելով հեռուստատեսության ոլորտում՝ ի թիվս տարբեր նախագծերի, հեղինակել ու վարել է խոհարարական հաղորդումներ։ «Դար 21» հեռուստաընկերության «MIX-եր» խոհանոցային հաղորդաշարի հաղորդավարն ու սցենարիստն է եղել, Հանրային հեռուստատեսությամբ էլ վարել է «Ազգային համեր» հաղորդաշարը։

Հերմինեն իրականացրել է “Life is Beautiful in Armenia” թվային նախագիծը՝ ներկայացնելով Հայաստանի չբացահայտած ու գողտրիկ անկյունները։ Հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացման նպատակով իրականացրել է նաև “Wine is Beautiful in Armenia”, “Testy Stories” նախագծերը։

Կինոդերասանուհի Հերմինե Ստեփանյանի ուղին ևս տպավորիչ է․ նա խաղացել է հեղինակային ֆիլմերում՝ «Սպիտակ», «Շքամուտք», «Անիկո», «Զուլալի»՝ արժանանալով միջազգային հեղինակավոր մրցանակների՝ արդեն կինոյի լեզվով աշխարհում խոսելով հայկական հարուստ մշակույթի մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում