Սիրիական հիմնախնդրի առնչությամբ Աստանայի բանակցային հարթակում դրական միտումներն ակնհայտ են․արաբագետ
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սիրիական հիմնախնդրի վերջնական լուծման առումով դեռ լավատեսական հիմքեր չկան, բայցևայնպես Աստանայի բանակցային հարթակում դրական միտումներն ակնհայտ են։ «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը։
Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան ընդգծել են Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման ակտիվ աշխատանքի շարունակման կարևորությունը, ինչպես նաև հունիսի 20-ին Աստանայում փոխարտգործնախարարների միջև տեղի ունեցած խորհրդակցությունների կառուցողական բնույթը, որոնց ընթացքում քննարկվեց Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների վերականգնման ճանապարհային քարտեզը՝ չորս երկրների պաշտպանության նախարարությունների և հատուկ ծառայությունների աշխատանքի համակարգմամբ։
«Աստանայի հարթակը սիրական հակամարտության հանգուցալուծման հարցում որոշակի տրամաբանական տարբերակներ գտնելու առումով, իսկապես, ունի կարևոր նշանակություն։ Դա փոքր ձևաչափ է, որում ներգրավված կողմերը քննարկում են կոնկրետ հարցերի շրջանակ, մինչդեռ, օրինակ, ժնևյան ձևաչափն ընդգրկում էր անհամեմատ շատ երկրներ, և բանակցային գործընթացի սեղանին ավելի շատ հակասություններ կային, քան ընդհանուր մոտեցումներ։ Որոշ հարցերի համատեքստում խնդիրներ լուծելու առումով Աստանայի հարթակը բավականին հարմար է, հետևաբար այդտեղ, ամենայն հավանականությամբ, կգրանցվեն դրական արդյունքներ»,- ասաց Գրիգորյանը։
Անդրադառնալով մասնավորապես Աստանայի գործընթացի համահեղինակ Թուրքիայի վարքագծին՝ արաբագետն ընդգծեց, որ Անկարայի նպատակն ի սկզբանե Սիրիայի առանձին հատվածներում տիրող իրավիճակի կարգավորումներին հնարավորինս մոտ լինելու և անմիջական դերակատարություն ունենալու մղումն էր։ Թուրքիան 2016 թվականից ի վեր ձգտել է հարցերը լուծել իր օգտին, որպեսզի ինչ-որ կերպ լեգիտիմացներ իր ռազմական ինտերվենցիան, և այդ առումով Թուրքիան որոշակիորեն հաջողել է։
«Հիմա Թուրքիան ստանձնել է պարտավորություններ Սիրիայի հյուսիսային հատվածներում մարդասիրական և այլ բնույթի խնդիրների լուծման համատեքստում, սակայն ամբողջությամբ չի ստացվում հետևողական լինել պարտավորությունների կատարման գործում»,- նշեց արաբագետը։
Գրիգորյանը կարևորեց հատկապես Սիրիայի գործող իշխանության անմիջական կշիռը բանակցային գործընթացում, որն արդեն իր պահանջներն է առաջ քաշում, և եթե անցյալում այդ երկրի իշխանության և ընդդիմության միջև կային սուր հակասություններ, նրանք բանակցություններին ներկայանում էին առանձին կազմերով, ապա այժմ իշխանության դիրքերն ամրապնդվել են։ Բացի դրանից, չպետք է մոռանալ նաև կարմիր գծերի առկայությունը, ուստի պատահական չէ, որ Դամասկոսը պնդում է, որպեսզի թուրքական զինուժն անհապաղ դուրս գա Սիրիայի հյուսիսային հատվածներից։ Անկարան իր հերթին հակադարձում է այն թեզով, որ դեռևս պահպանվում է Սիրիայի հյուսիսից եկող ահաբեկչական վտանգը, հետևաբար այդ հանգամանքով է պայմանավորում իր ռազմական ներկայությունն արաբական երկրում։ Տվյալ հակասությունն, արաբագետի կարծիքով, խոչընդոտում է Աստանայի գործընթացը՝ թույլ չտալով հնարավորինս շուտ հասնել հանգուցալուծման։
«Պակաս կարևոր չէ Սիրիայում ստեղծված հումանիտար իրավիճակի բարելավումը, որն անմիջական հետևանքն է երկարատև արյունալի հակամարտության։ Այդ հանգամանքը կարևորում են բանակցային գործընթացում ներգրավված բոլոր կողմերը։ Պատահական չէ, որ Աստանայում քննարկվել է սիրիացիների անվտանգ, կամավոր և արժանապատիվ վերադարձի համար համապատասխան պայմանների ստեղծումը։ Ավելի քան տասը տարի տևած քաղաքացիական պատերազմից հետո Սիրիան հիմնովին քանդվել է, հետևաբար, անհրաժեշտ են լուրջ, մեծածավալ ներդրումներ, ինչի համար նախ պետք է լինի կայունություն»,- ասաց Գրիգորյանը։
Արաբագետի դիտարկմամբ՝ փախստականների խնդիրն անմիջականորեն առնչվում է ոչ միայն Սիրիային, այլև հարևան երկրներին և նույնիսկ եվրոպական պետություններին, հետևաբար, այս հարցում չափազանց կարևոր է միջազգային հանրության ջանքերի համադրումը։
«Հաշվի առնելով մերձավորարևելյան գործընթացների առանձնահատկությունը՝ չի կարելի բացառել, որ կարող են լինել նոր էսկալացիաներ, թեժ բախումներ, բայցևայնպես, այս պահին լարվածության գագաթնակետը թերևս մնացել է անցյալում, և 2014-15 թվականների վերադասավորումների մասին այլևս խոսք չկա։ Սիրիական հակամարտությունն առանձնահատուկ է այն առումով, որ մարդկությանը կանգնեցրեց նոր մարտահրավերների առջև՝ թե՛ ահաբեկչության դեմ պայքարի, թե՛ այլ գործոնների առումով, որոնք մինչ այդ գտնվում էին սառեցված վիճակում, հետևաբար միջազգային հանրությունը պետք է համադրված ջանքերի շնորհիվ ձգտի պահպանել լարվածության նվազման միտումները»,-եզրակացրեց Գրիգորյանը։
Մանվել Մարգարյան