Միջազգային

Աֆրիկայի երկրների ղեկավարները Կիև և Մոսկվա այցից առաջ ժամանել են Լեհաստան

2 րոպեի ընթերցում

Աֆրիկայի երկրների ղեկավարները Կիև և Մոսկվա այցից առաջ ժամանել են Լեհաստան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայի երկրների պատվիրակությունը, որն ստեղծվել է Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնության քննարկման համար, ժամանել է Լեհաստան: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, պատվիրակությունն այսօր կհանդիպի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։

Ըստ Լեհաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության՝ Դուդան նախագահական պալատում կհանդիպի Կոմորյան Կղզիների Միության, Զամբիայի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահների հետ։

Մայիսի 16-ին Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են ընդունել Աֆրիկայի երկրների պատվիրակությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորում որոնելու նպատակով։

Ռամաֆոսան հանդես է եկել աֆրիկյան վեց երկրների խմբի՝ Եգիպտոսի, Զամբիայի, Կոնգոյի Հանրապետության, Սենեգալի, Ուգանդայի և Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից: Ավելի ուշ այդ ցանկում ավելացել է Աֆրիկյան միության գործող նախագահը՝ Կոմորյան Կղզիները։

Հունիսի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է աֆրիկյան մի շարք պետությունների ղեկավարների մոտալուտ ժամանումը Ռուսաստան և հայտարարել նրանց հետ նաև հացահատիկային գործարքի քննարկման պլանների մասին:

Ինչպես պարզաբանել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, Պուտինը հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում կընդունի աֆրիկյան երկրների պատվիրակությունը՝ Ուկրաինայում խաղաղության նրանց նախաձեռնության քննարկման համար, իսկ մինչ այդ՝ հունիսի 16-ին, աֆրիկյան պատվիրակությունը կլինի Կիևում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում