Տարածաշրջանային

Գերմանիան հանդես է գալիս Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հաշվին ԵՄ-ի ընդլայնման օգտին

2 րոպեի ընթերցում

Գերմանիան հանդես է գալիս Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հաշվին ԵՄ-ի ընդլայնման օգտին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի իշխանությունները հանդես են գալիս Ուկրաինայի, Մոլդովայի, իսկ հեռանկարում նաև Վրաստանի հաշվին Եվրամիության ընդլայնման օգտին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այս մասին ասված է Գերմանիայի ազգային անվտանգության ռազմավարության մեջ:

«Մենք ցանկանում ենք Եվրամիությունը դարձնել աշխարհաքաղաքականորեն գործունակ խաղացող, որը երաշխավորում է ապագա սերունդների անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Դաշնային կառավարությունը հավատարիմ է ԵՄ հետագա ինտեգրմանը, դրա համախմբմանը և ընդլայնմանը Արևմտյան Բալկանների պետությունների, Ուկրաինայի, Մոլդովայի Հանրապետության և ապագայում՝ Վրաստանի հաշվին», - նշվում է փաստաթղթում։

Դրա հետ մեկտեղ Գերմանիայի ազգային անվտանգության ռազմավարության հեղինակները հավելում են, որ «ԵՄ-ին այս ընդլայնմանը նախապատրաստելու և դրա կենսունակությունն ապահովելու համար բարեփոխումներ են անհրաժեշտ ԵՄ-ի ներսում»։

2022 թ. հունիսին Եվրոպական խորհուրդը ճանաչել է Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստակամություն հայտնել ԵՄ-ին անդամակցելու համար նրան թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրել, հենց կատարվեն 12 պայմանները, որոնց թվում են ապաօլիգարխացումը, ապաբևեռացումը, մեդիա միջավայրի բարելավումը, դատական ​​համակարգի լիակատար անկախության ապահովումը և այլն: Նույն օրը Ուկրաինան և Մոլդովան ստացել են թեկնածուի կարգավիճակ:

Վրաստանը Եվրահանձնաժողովից միջանկյալ գնահատական է սպասում ամռանը, իսկ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ վերջնական որոշմանը՝ տարեվերջին: Կարգավիճակի տրամադրմանը ԵՄ-ի բոլոր 27 երկրների ղեկավարները պետք է աջակցեն միաձայն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ այս հարցում երկիրն արդեն կանխավ ապահովել է ԵՄ-ի երկրների առաջնորդների մի մասի աջակցությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում