Միջազգային

ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են ընդունել Աֆրիկայի երկրների պատվիրակությանը, որը հանդես է գալիս հակամարտության կարգավորման նախաձեռնությամբ

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են ընդունել Աֆրիկայի երկրների պատվիրակությանը, որը հանդես է գալիս հակամարտության կարգավորման նախաձեռնությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են ընդունել Աֆրիկայի երկրների պատվիրակությանը՝ հակամարտության խաղաղ կարգավորման որոնման նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին այսօր հայտարարել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունի հետ կայացած բանակցություններից հետո։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որոնց հետ ես կապ եմ պահպանում, համաձայնել են ընդունել աֆրիկյան մի շարք պետությունների ղեկավարների պատվիրակությանը Մոսկվայում և Կիևում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և Աֆրիկյան միության ղեկավարությունը տեղեկացված են այս նախաձեռնության մասին», - Ռամաֆոսայի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:

Ռամաֆոսան հայտնել է, որ Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու նախաձեռնությամբ հանդես եկող երկրների խումբը ներառում է Եգիպտոսը, Զամբիան, Կոնգոյի Հանրապետությունը, Սենեգալը, Ուգանդան և Հարավաֆրիկյան Հանրապետությունը։ Նա չի հստակեցրել, թե երբ է նախատեսվում իրականացնել այդ առաքելությունը։

«Աֆրիկան ​​անհանգստացած է Ուկրաինայի ճգնաժամից, որն ուղղակիորեն բացասաբար է ազդում աֆրիկյան երկրների վրա՝ առաջացնելով սննդամթերքի և վառելիքի գների բարձրացում», - ասել է Ռամաֆոսան: - Աֆրիկայի երկրների ղեկավարների խումբը կարծում է, որ Աֆրիկան ​​պետք է հանդես գա հաշտության նախաձեռնությամբ, որը կնպաստի Ուկրաինայի ներկայիս ճգնաժամի լուծմանը»:

Մայիսի 14-ին Ռամաֆոսան հայտարարել էր, որ մայիսի 12-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ վերջինիս տեղեկացրել է հրադադարի վերաբերյալ աֆրիկյան ղեկավարների առաջարկության մասին։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ պետությունների ղեկավարների հեռախոսազրույցից հետո Պուտինը հավանություն է տվել Ռամաֆոսայի հայտնած գաղափարին`ուկրաինական խնդրի կարգավորման քննարկմանն աֆրիկյան ղեկավարների մասնակցության մասին։

Ինչպես հաղորդել է SABC ռադիոկայանը, անցած շաբաթ օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռամաֆոսայի և Զելենսկիի միջև:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում