Մշակույթ

Հայաստանն իմ սրտում յուրահատուկ տեղ ունի. Վերոնիկա Ջիոևան երևանյան համերգին ընդառաջ տեսաուղերձով դիմել է երկրպագուներին

3 րոպեի ընթերցում

Հայաստանն իմ սրտում յուրահատուկ տեղ ունի. Վերոնիկա Ջիոևան երևանյան համերգին ընդառաջ տեսաուղերձով դիմել է երկրպագուներին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 24-րդ փառատոնի նախաձեռնությամբ մայիսի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևայի մենահամերգը: Երգչուհին հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կհնչեն արիաներ Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Ճակատագրի ուժը» «Տրավիատա», Պյոտր Չայկովսկու «Տատյանայի նամակի տեսարանը», «Եվգենի Օնեգին», Սերգեյ Ռախմանինովի «Ալեկո», Պիետրո Մասկանիի «Ընկեր Ֆրիցը» օպերաներից:

«Սիրելի՛ հայ երկրպագուներ, հայ ընկերներ, ինչպես գիտեք մայիսի 16-ին Երևանում իմ մենահամերգն է կայանալու, և ես անհամբերությամբ եմ սպասում մեր հանդիպմանը: Շատ եմ սիրում Հայաստանն ու հայերին, հիանում եմ Կոմիտասի երաժշտությամբ, հայ ժողովրդի տաղանդով: Հայաստանն իմ սրտում յուրահատուկ տեղ է զբաղեցնում: Հույս ունեմ, որ կհանդիպենք մայիսի 16-ին, և ես ձեզ կներկայանամ նոր ծրագրով»,-տեսաուղերձով երկրպագուներին է դիմում երգչուհին և հայերեն ասում. «Ես սիրում եմ Հայաստանը, ես սիրում եմ ձեզ»:

343253293_591310469635720_474993687206035803_n.jpg (71 KB)

Քննադատներն անվանում են «օպերային դիվա», «Աստվածատուր ձայնով օժտված երգչուհի», որն իր ներդաշնակ և խարիզմատիկ երգեցողությամբ պարզապես կախարդում է հանդիսատեսին։ Անզուգական ձայնի և արտիստիկության շնորհիվ 2022 թվականին Ցյուրիխում բեմադրված Վերդիի «Մակբեթ» օպերայում Լեդի Մակբեթի դերում նրա դեբյուտը երաժշտական քննադատները պարզապես «սենսացիա» են անվանել: Լինելով Ռուսաստանի Մեծ թատրոնի, Մարիինյան և Միխայլովսկու թատրոնների հրավիրյալ մեներգչուհի, նա ելույթներ է ունենում Վերոնայի ֆիլհարմոնիկ, Մադրիդի թագավորական, Ժնևի Մեծ և Բրյուսելի «La Monnaie» թատրոնների, Համբուրգի պետական, Ցյուրիխի, Ֆինլանդիայի ազգային և այլ օպերաների հետ: Վերոնիկա Ջիոևան համագործակցում է նաև այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Մարիս Յանսոնսը, Վալերի Գերգիևը, Թրևոր Պիննոքը, Ինգո Մեցմախերը, Հարթմուտ Հենչենը, Ռոդիոն Շչեդրինը, Սիմոնե Յանգը, Պիտեր Սելլարս, Պակո Ազորին և ուրիշներ։

343082328_561243686144157_3891439945164104474_n.jpg (112 KB)

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում