Քաղաքականություն

ԼՂ-ի նկատմամբ Բաքվի գործողությունները վկայում են էթնիկ զտումների իրական սպառնալիքի մասին. ԱԳ նախարարը՝ Վաշինգտոնի եռակողմ հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

ԼՂ-ի նկատմամբ Բաքվի գործողությունները վկայում են էթնիկ զտումների իրական սպառնալիքի մասին. ԱԳ նախարարը՝ Վաշինգտոնի եռակողմ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում մայիսի 3-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

«Արարատ Միրզոյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Արդբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործողությունները, ամենաբարձր մակարդակով հնչող ատելության խոսքը և ուժի կիրառման բացահայտ սպառնալիքները վկայում են Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտադրության և իրական սպառնալիքի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ընդգծվել է, որ համապարփակ կարգավորման և տարածաշրջանում երկարատև կայունության հաստատման համար առանցքային են զորքերի հետքաշումը, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա երկու երկրների միջև սահմանազատումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի շրջանակներում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում