ՀՀ և Շվեդիայի ԱԳՆ ղեկավարները քննարկել են միջազգային և տարածաշրջանային նշանակության հարցեր
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում է ունեցել Շվեդիայի Թագավորության ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանն անդրադարձել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների շրջանակներում գրանցված ձեռքբերումներին և այդ համատեքստում ընդգծել ՀՀ գործընկերների շարունակական աջակցության կարևորությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի վերաբերյալ։ Տարածաշրջանում կայունության հաստատման համատեքստում երկուստեք կարևորվել էՀայաստանումԵՄ երկարաժամկետ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության դերը, որի տեղակայման վերաբերյալ որոշումը կայացվեց ԵՄ խորհրդում Շվեդիայի նախագահության ընթացքում։
Ըստ աղբյուրի՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային նշանակության հարցեր։ Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին:Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել էԱրդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված որոշման կյանքի կոչման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հրամայականը։
Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցությանը վերաբերող հարցերի՝ ընդգծելով բարձրաստիճան փոխայցելությունների նշանակությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու կարևորությունը: