Բրիտանիայում ձնաբքերը քաոս են առաջացրել, մի քանի ժամում միայն Սոմերսեթում տեղի է ունեցել 100-ից ավելի ավտովթար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում գիշերը տեղի ունեցած ձնաբքերի և ջերմաստիճանի կտրուկ անկման պատճառով վտանգավորության «դեղին» մակարդակ է հայտարարվել Անգլիայի հարավում, Ուելսի հյուսիս-արևմուտքում և հյուսիսում, ինչպես նաև Շոտլանդիայի հյուսիսում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Daily Mail պարբերականը:
Որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել է մինչև գրեթե -10 աստիճանի ըստ Ցելսիուսի, առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի նվազում մինչև -11 աստիճան:

Ձնաբքերի պատճառով արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Սոմերսեթի կոմսությունում. շրջվել է շինարարության ոլորտի ավելի քան 70 աշխատակիցների տեղափոխող երկհարկանի ավտոբուսը: Նշվում է, որ ավտոբուսը բախվել է մոտոցիկլի: Միջադեպի հետևանքով զոհեր չկան: Լրատվամիջոցը հաղորդում է, որ մեծ թվով տուժածներ հոսպիտալացվել են:
Բացի այդ, մի քանի ժամվա ընթացքում Սոմերսեթում ավելի քան 100 ավտովթար է տեղի ունեցել: