Podcast-FinInForm. Գույքի ձեռքբերում՝ առանց լրացուցիչ գրավի. ինչ է լիզինգը և ինչ հնարավորություն է տալիս
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիները հնարավորություն ունեն բանկի կամ լիզինգային կազմակերպության միջոցով որոշակի ժամկետով ձեռք բերել, օրինակ, գյուղտեխնիկա, տրանսպորտային միջոց, արևային էլեկտրակայաններ և այլ գույք, դրա դիմաց կատարել ամսական լիզինգային վճար: Վերջում, ըստ պայմանագրի՝ այն կամ վերադարձվում է լիզինգատուին, կամ մնում է հաճախորդին՝ որպես սեփականություն:
«Արմենպրես»-ի Podcast-FinInForm-ի շրջանակում լիզինգի, դրա ընձեռած հնարավորությունների մասին զրուցել ենք Կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ֆինանսական կրթման փորձագետ Սոնա Ինգլիզյանի հետ:
Փորձագետը պարզաբանում է՝ լիզինգը ֆինանսական ծառայություն է: Այն վարձակալության և վարկի ուրույն համադրություն է, որտեղ գործարքի հիմնական կողմերն են հաճախորդը՝ լիզինգառուն, բանկը կամ լիզինգային ընկերությունը, այսինքն՝ լիզինգատուն և վաճառողը, ումից ձեռք է բերվում գույքը:
Լիզինգի դեպքում լիզինգատուն սեփականության իրավունքով ձեռք է բերում անհրաժեշտ գույքը վաճառողից և որոշակի վճարի դիմաց հանձնում է լիզինգառուին՝ ժամանակավոր տիրապետման և օգտագործման նպատակով: Ժամկետի ավարտին գույքը կամ անցնում է հաճախորդին՝ որպես սեփականություն, կամ՝ վերադարձվում լիզինգատուին, կամ էլ օտարվում է երրորդ կողմի: Լիզինգը տրամադրվում է և ֆիզիկական անձանց, և անհատ ձեռնարկատերերին, և իրավաբանական անձանց: Լիզինգի գործիքի միջոցով կարելի է ձեռք բերել ցանկացած չսպառվող գույք, մասնավորապես՝ շարժական և անշարժ գույք, գյուղատնտեսական, շինարարական տեխնիկա, բեռնատար և մարդատար ցանկացած տրանսպորտային միջոց, հոսքագծեր, արևային էլեկտրակայաններ և այլն:
Լիզինգառուի, այսինքն՝ հաճախորդի հիմնական պարտավորությունն է լիզինգային պայմանագրով սահմանված չափով և ժամկետներում կատարել լիզինգային վճարները:
Իսկ թե ինչո՞վ է լիզինգով ձեռք բերված գույքը տարբերվում սովորական վարկով ձեռք բերված գույքից, որի՞ն նախապատվություն տալ հարցին ի պատասխան՝ փորձագետը ներկայացնում է լիզինգի առանձնահատկությունները. լիզինգի պարագայում լրացուցիչ գրավի անհրաժեշտություն չի առաջանում:
«Որպես կանոն, վարկերի պարագայում, եթե խոշոր միջոցներ են ձեռքբերվում, ապա գրավադրվում են լրացուցիչ միջոցներ ևս: Իսկ լիզինգի պարագայում գրավադրման կարիք չկա, լիզինգի առարկան հենց հանդիսանում է այն երաշխավորությունը, որ եթե հաճախորդը չկատարի վճարումներ, ապա լիզինգատուն հետ կվերցնի գույքը»,-ասում է Ինգլիզյանը:
Բացի այդ, լիզինգի պարագայում հաճախ լինում են համագործակցություններ մատակարարների հետ, մասնավորապես, լիզինգային կազմակերպությունները համագործակցում են, և այդ հեղինակության շնորհիվ որոշակի զեղչեր են ստանում հաճախորդները, բոնուսներից, ակցիաներից են օգտվում, որը լիզինգին տալիս է լրացուցիչ առավելություն:
Լիզինգի պարագայում վարկային պատմության առկայությունը որոշիչ գործոն չէ: Քանի որ այն ավելի քիչ ռիսկային ծառայություն է, քան վարկը, ավելի հեշտ պրոցեսներով է իրականացվում:
Փորձագետը մանրամասնում է՝ լիզինգի պարագայում գործում են նաև պետական սուբսիդավորման ծրագրեր՝ աջակցելու այս կամ այն ոլորտին, օրինակ՝ գյուղատնտեսությանը: Լիզինգի պարագայում գույքի ձեռքբերման, տեղափոխման, մաքսազերծման վճարները ևս կարելի է ներառել պայմանագրում, և նման լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն չի ունենա հաճախորդը:
Մանրամասների համար առաջարկում ենք լսել պոդքաստը:
Շարքի հեղինակ՝ Աննա Գրիգորյան
Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի