Եվրոպա

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

4 րոպեի ընթերցում

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և Moldpres-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել Մոլդովայի նախագահական նստավայրում՝ նախագահ Մայա Սանդուի և խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուի ներկայությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Moldpres գործակալությունը։

Արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 21-ի երեկոյան խորհրդարանի կողմից Տոֆանի կառավարությանը վստահության քվե տալու և «Եվրոպական տնտեսություն, արդյունավետ պետություն» կառավարության ծրագիրը հաստատելուց հետո։

Նախագահ Մայա Սանդուն շնորհավորական խոսքում ընդգծել է, որ նոր կառավարության գործունեության օրակարգը հստակ է՝ Մոլդովայի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին։

«Հաջորդ մի քանի ամսվա ընթացքում մենք պետք է հասնենք եվրոպական ինտեգրման գործընթացի կարևոր հանգրվանների, և ես խնդրում եմ ձեզ առաջնահերթություն տալ այս ջանքերին: Առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում մենք պետք է նաև ավարտենք արդեն մեկնարկած մեծ ազդեցություն ունեցող բարեփոխումները: Երեկ խորհրդարանում ես լսեցի տնտեսական զարգացման խթանման, բիզնես միջավայրի բարելավման, հանրային սեփականության ավելի լավ կառավարման և եվրոպական միջոցների ավելի լավ յուրացման վերաբերյալ ամուր պարտավորություններ: Խնդրում եմ պահել ձեր խոսքը», - նշել է Մայա Սանդուն։

Նրա խոսքով՝ քաղաքացիների անվտանգությունը և պետության անվտանգությունը հավասարապես կարևոր են, ինչը պահանջում է շարունակական ջանքեր պաշտպանության, անվտանգության և հասարակական կարգի ոլորտներում ինստիտուտների ամրապնդման համար:

Կառավարության թիմում ընդգրկված են ինչպես նոր անուններ, այնպես էլ անձինք, որոնք կպահպանեն իրենց պաշտոնները: Քրիստինա Գերասիմովը կպահպանի եվրոպական ինտեգրման հարցերով փոխվարչապետի պաշտոնը։

Արտաքին գործերի նախարարությունը կշարունակի ղեկավարել Միհայ Պոպշոյը, որը նաև կզբաղեցնի փոխվարչապետի պաշտոնը:

Վլադիմիր Բոլեան կլինի փոխվարչապետ և ենթակառուցվածքների ու տարածաշրջանային զարգացման նախարար։

Մեկ այլ փոխվարչապետի պաշտոն կզբաղեցնի Եվգենիու Օսմոչեսկուն, որը կղեկավարի Տնտեսական զարգացման և թվայնացման նախարարությունը: Վերաինտեգրման հարցերով փոխվարչապետը կլինի Վալերիու Չիվերին։

Կառավարության գործունեության ծրագիրը ներառում է հինգ առաջնահերթություն՝ տնտեսական աճի վերսկսում, Եվրամիությանը անդամակցության արագացում, պետությունն ավելի արդյունավետ, թվայնացված և հաշվետու դարձնելը, անվտանգության, խաղաղության և արդարադատության ամրապնդումը, ինչպես նաև կյանքի որակի և սոցիալական համախմբվածության բարելավումը։

Մոլդովայի Սահմանադրության համաձայն՝ կառավարությունն ապահովում է պետության ներքին և արտաքին քաղաքականության իրականացումը և իրականացնում է պետական ​​կառավարման ընդհանուր ղեկավարումը՝ հիմնվելով խորհրդարանի կողմից հաստատված գործունեության ծրագրի վրա։

Խորհրդարանի կողմից վստահության քվեից հետո Մոլդովայի նախագահը նշանակում է կառավարություն, որն իր պարտականությունները կատարում է նախարարների կաբինետի բոլոր անդամների երդմնակալության օրվանից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում