Հակոբ Արշակյանն ընդունել է «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 22-ին ընդունել է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը եւ պատվիրակության անդամ Արման Եղոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ մեր երկիրը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական այս ձեւաչափին, որն ամուր կապ է ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության երկրների միջեւ՝ հանուն ընդհանուր օրակարգի առաջմղման: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ սերտ համագործակցությունը, մասնավորապես Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից:

«ԱԺ փոխնախագահը կարեւորել է այն հանգամանքը, որ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին տրամադրել 2,6 միլիարդ եվրոյի ֆինանսական փաթեթ՝ նպաստելու ենթակառուցվածքների, թվային օրակարգի, կլիմայի, տրանսպորտի ոլորտներում փոփոխությունների եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Հակոբ Արշակյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմի անդառնալի հետեւանքներին՝ մարդկային կորուստներ, մարդասիրական խնդիրներ եւ մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացում:

Նա ընդգծել է, որ, ցավոք, Ադրբեջանում դեռեւս կան ռազմագերիներ եւ այլ կալանավորներ, որոնք պետք է անվերապահորեն հայրենադարձվեն: «Սա միջազգային մարդասիրական իրավունքի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության խախտում է»,-ասել է ԱԺ փոխնախագահը:

«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ եւ կայուն կարգավորմանը խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո եւ վերահաստատում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման մեր դիրքորոշումը»,-նշել է Հակոբ Արշակյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը կաջակցի խաղաղության եւ կայունության հաստատմանը, եւ օրենսդիրները կօգտագործեն խորհրդարանական դիվանագիտության ամբողջ գործիքակազմը:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ «Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Անդրիուս Կուբիլիուսը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ջերմ ընդունելության եւ ԽՎ աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Նա կարեւորել է ժողովրդավարության ուղղությամբ, կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ձեռքբերումները, մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Անդրիուս Կուբիլիուսը եւս կարեւորել է տարածաշրջանում հարատեւ ու կայուն խաղաղության հաստատումը:

Հայերեն Français Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները