ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է Ֆրանսուազ Ժակոբին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
«Մեծապես կարևորում եմ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների և կառույցների միջոցով մեր երկրի ինստիտուցիոնալ բարեփոխումների օրակարգին ցուցաբերվող հետևողական աջակցությունը: Մենք՝ օրենսդիրներս, անում ենք և պատրաստ ենք անել հնարավորը՝ օրենսդրական դաշտի ապահովման և ռազմավարական տարբեր ծրագրերի իրականացման համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Ըստ աղբյուրի՝ կազմակերպության հետ գործընկերության առաջնահերթություններից ԱԺ նախագահը կարևորել է աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացի և Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցերը:
Նշվում է, որ քննարկվել են համատեղ իրականացվող նախաձեռնությունները և ծրագրերը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրի շրջանակում կրթական, հումանիտար, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցությունը: