Երաժշտությունը կհասնի ունկնդրի սրտին. Նարեկ Հախնազարյանն ու Ռամիրեսը՝ երևանյան համերգի մասին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, համագործակցելով Հայաստանի պետական կամերային նվագախմբի և հրավիրյալ դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսի հետ, ապրիլի 30-ին ելույթ կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 29-ին լրագրողները հանդիպել են Հախնազարյանի և Ռամիրեսի հետ, զրուցել համերգային ծրագրի, առաջիկա անելիքների մասին:

«Շատ հետաքրքիր և յուրահատուկ համերգ է ինձ համար, որովհետև Կամերային նվագախմբի հետ վաղուց ելույթ չեմ ունեցել, վաղուց հանդես չեմ եկել նաև այս դահլիճում, որը շատ եմ սիրում: Կարելի է ասել՝ մեծացել եմ այստեղ: Հայրս և մայրս բազմիցս նվագել են Կամերային երաժշտության տանը: Մեծ ուրախություն, ոգևորություն է նաև Խուան Անտոնիո Ռամիրեսի հետ աշխատելը: Նա հրաշալի անձնավորություն է և հիանալի դիրիժոր: Ըստ իս՝ կարևոր իրադարձություն է այն, որ վերջինս եկել է Հայաստան»,- նշեց Հախնազարյանը:

Անդրադառնալով ծրագրին՝ երաժիշտն ասաց, որ այն յուրահատուկ է: Սովորաբար Հայաստանում նվագում է մեծ կոնցերտ՝ թավջութակի և նվագախմբի համար, բայց այս համերգին կատարելու են Չայկովսկու «Անդանտե կանտաբիլեն», Վիլա Լոբոսի «Բրազիլական բախիանան», Պոպերի «Հունգարական ռապսոդիան»: Հնչելու է նաև Խոակին Տուրինայի «Ցլամարտիկի աղոթքը» ստեղծագործությունը:

Հախնազարյանի համոզմամբ՝ ներկայացվող բոլոր գործերն ընկալելի են: «Կան ստեղծագործություններ, որոնք լիարժեք հասկանալու համար անհրաժեշտ է դասական երաժշտության մասին որոշակի գիտելիքներ ունենալ, սակայն վերոնշյալ գործերը շատ հեշտ են հասնում մարդկանց սրտերին ու հոգիներին»,- հավաստիացրեց երաժիշտը:

Խոսելով առաջիկա ծրագրերի, արտերկրում հանդես գալու մասին՝ նա ասաց, որ համավարակով պայմանավորված՝ մի շարք երկրներում դեռևս խիստ սահմանափակումներ են գործում: Չնայած դրան, համերգներ են կազմակերպվում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում, Իսպանիայում, Պորտուգալիայում և այլ երկրներում: Ինքը վերջերս առիթ է ունեցել ելույթ ունենալ և՛ Ռուսաստանում, և՛ Իսպանիայում՝ Մադրիդում, Բարսելոնայում, իսկ երևանյան համերգից հետո մեկնելու է Ֆինլանդիա, որտեղ կմասնակցի վեց առցանց համերգի: Համագործակցեու է Ֆինլանդիայի ռադիոյի նվագախմբի հետ: Այս շրջանում Հախնազարյանը նվագախմբի հրավիրյալ գլխավոր մենակատարն է: «Շատ ուրախ եմ յուրաքանչյուր ելույթի համար, բայց կցանկանամ, որ շուտ վերադառնան այն պայծառ ժամանակները, երբ մենք հաճախ էինք հանդես գալիս՝ դահլիճներում ունկնդրի համար»,- եզրափակեց Նարեկ Հախնազարյանը:

Դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսն էլ վստահեցրեց, որ հանդիսատեսը երեկոյին գեղեցիկ, դրական ապրումներ կունենա հրաշալի երաժշտության շնորհիվ: «Մեկնարկելու ենք Խոակին Տուրինայի ստեղծագործությամբ, որն ինձ համար մեծ նշանակություն ունի, քանի որ շատ զգայուն գործ է, խոսում է ավելի լավ աշխարհի մասին: Հեղինակն այն գրել է, երբ Փարիզում էր. այս ստեղծագործության մեջ զգացվում է իմպրեսիոնիստական շունչը, կոլորիտը»,- ընդգծեց Ռամիրեսը:

Ռամիրեսն առաջին անգամ է աշխատում Հախնազարյանի հետ, սակայն խոստովանում է՝ տպավորությունն այնպիսին է, թե ինչ-որ կյանքում հանդես են եկել միասին: «Նարեկը նվագել է աշխարհի հեղինակավոր դահլիճներում: Նա, Թոփչյանը և այլ երաժիշտներ Հայաստանի դեսպաններն են աշխարհում: Հաճելի է աշխատանքը Կամերային նվագախմբի հետ, որն անհավատալի ներուժ ունի, հիանալի հնչողություն»,- շեշտեց դիրիժորը՝ հավաստիացնելով, որ երաժշտասերները մեծ բավականություն կստանան համերգից:

Նարեկ Հախնազարյանն առինքնող արտիստ է, իսկական վիրտուոզ՝ օժտված բնածին երաժշտականությամբ և հանդիսատեսի հետ կապ հաստատելու բացառիկ տաղանդով: «Շլացուցիչ փայլ» (The Strad), «Ավելի քան հիասքանչ» (San Francisco Chronicle), «աներևակայելի տիրապետում գործիքին» (LA Times). այսպիսի արձագանքների է արժանացել Հախնազարյանը: Նա ելույթներ է ունեցել Orchestre de Paris, London Symphony, London Philharmonic, Rotterdam Philharmonic, Frankfurt Radio, Berlin Konzerthaus, Royal Stockholm Philharmonic, Chicago Symphony, LA Philharmonic և այլ հանրահայտ նվագախմբերի հետ (դիրիժորներ՝ Գերգիև, Կուպման, Էլսոփ, Լինտու, Սոխիև և այլք): Հախնազարյանը միջազգային մրցույթների դափնեկիր է. Արամ Խաչատրյանի անվ. մրցույթ (Երևան, 2006, 1-ին մրցանակ), Johansen International Competition (2006, 1-ին մրցանակ), Young Concert Artists International Auditions (2008, 1-ին մրցանակ) և այլ մրցույթներ:

Դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսը տասը տարուց ավելի եղել է Միջերկրածովյան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: Համագործակցել է Լոնդոնի London's Covent Garden, the Academy of Europe, the International Youth Wind Orchestra-ի մենակատարների, ինչպես նաև Լորին Մաազելի, Զուբին Մետայի, Յարոն Տրուբի, Մանուել Գալդուֆի,Միշել Պլասոնի, Վալերի Գերգիևի և այլոց հետ:

2000-2012 թթ. որպես գեղարվեստական և երաժշտական ղեկավար կազմակերպել և իրականացրել է տարբեր խոշոր՝ մինչև 12 000 մասնակից ունեցող երաժշտական միջոցառումներ: Համագործակցել է այնպիսի միջազգային ճանաչված արտիստների հետ, ինչպիսիք են Պլասիդո Դոմինգոն, Մոնսերատ Կաբալյեն, Վինտոն Մարսալիսը, Գլորիա Գայնորը, Պակիտո դե Ռիվերան, Ռենե Ֆլեմինգը և այլք:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում