Հասարակական

Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

4 րոպեի ընթերցում

Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերգեյ Կոպիրկինին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը և նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոմանոս Պետրոսյանը խոսել է երկու երկրների միջև երկարամյա ռազմավարական հարաբերություններից ինչպես քաղաքական, այնպես էլ՝ պետական կառավարման ոլորտում, ապա ներկայացրել է հետպատերազմյան այս շրջանում համագործակցության ռազմավարական ուղղությունների նոր օրակարգ առաջադրելու և առաջնահերթությունները վերանայելու կարևորությունը։

Նախարարը շեշտել է, որ գործողությունները պետք է ուղղված լինեն 44-օրյա պատերազմի հետևանքների գույքագրմանը, մեղմմանն ու հաղթահարմանը։

Պարոն Սերգեյ Կոպիրկինն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցությունը և տեղեկացրել, որ իրենք շահագրգիռ են ընդլայնել գործակցության ոլորտները և համատեղ ծրագրերի շրջանակները։

Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում ՀՀ և ՌԴ միջև հարաբերությունները հիմնականում զարգանում են գլոբալ և տարածաշրջանային միջազգային բնապահպանական կոնվենցիաների և միջազգային գործընթացների շրջանակներում, ինչպես նաև՝ ՀՀ և ՌԴ-ի միջև տնտեսական համագործացության միջկառավարական հանձնաժողովների նիստերի որոշումների հիման վրա։

Նախարար Ռոմանոս Պետրոսյանը դեսպանին տեղեկացրել է, որ փոխգործակցության առավել մանրամասն ճանապարհային քարտեզ կազմելու, երկու երկրների գերատեսչությունների միջև ոլորտային համագործակցությունը խթանելու և նոր մակարդակի վրա դնելու նպատակով Հայաստան է հրավիրել Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարար իր գործընկերոջը և այդ հարցում ակնկալում է դեսպանի գործուն աջակցությունը։

Կողմերը քննարկել են 2016 թվականին Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության և Ռուսաստանի բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարության միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության հուշագիրը։ Նախարարը փաստել է, որ հուշագրի կետերը ժամանակակից մարտահրավերներին առավել համապատասխան դարձնելու կարիք կա։

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել նախարարության կողմից իրականացվող «10 միլիոն» լայնածավալ ծառատունկի նախագծի և անտառկառավարման ոլորտում մեկնարկած բարեփոխումների վրա՝ ակնկալելով հետագա առավել խորացված փոխգործակցություն՝ առավել նշանակալի արդյունքներ գրանցելու նպատակով։

Ամփոփելով հանդիպումը, նախարար Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հավատարիմ է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ համագործակցության նոր եզրեր ու հնարավորություններ նախանշելով հայ–ռուսական ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների և մասնավորապես՝ շրջակա միջավայրի կառավարման ոլորտում փորձի փոխանակման, ռեսուրսների արդյունավետ կիրառման համատեքստում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում