Հայաստանի 13 կուսակցություններ հայտարարություն են ընդունել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի առնչությամբ
3 րոպեի ընթերցում
![Հայաստանի 13 կուսակցություններ հայտարարություն են ընդունել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի առնչությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1031891.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքական դաշտի 13 կուսակցություններ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկչական ցանցի ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի արդյունքում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտարարությունը լրագրողներին ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի 20-րդ օրն է, համայն հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը մեկտեղել են իրենց կարողությունները` դիմագրավելու մեր երկու պետությունների դեմ ուղղված գոյապահպանական սպառնալիքին: Ադրբեջանա-թուրքական ագրեսիան միջազգային ահաբեկչական տարբեր խմբավորումների ներգրավմամբ վերածվել է գլոբալ անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքի: Հայության համար հայրենականի վերածված պատերազմը նոր ծավալներ է ստանում` հանգեցնելով մեծաթիվ, անդառնալի կորուստների: Պատերազմ սանձազերծած ագրեսորները` Ադրբեջանն ու Թուրքիան անհաղորդ են միջազգային հանրության անհապաղ հրադադար հաստատելու և ռազմական ճանապարհով հիմնախնդրի լուծումը բացառելու պահանջներին: Ավելին` առաջին իսկ պահից Ադրբեջանը խախտել է ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի հաստատման համաձայնությունը: Օրհասական այս իրավիճակում ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում բեկում մտցնելը հրամայական է: Ստեղծված կացությունը համազգային ներուժի ամբողջական և աննախադեպ զորաշարժ է պահանջում»,- ասաց Սաղաթելյանը:
13 քաղաքական կուսակցությունները դիմել ՀՀ կառավարությանը հրատապ կարգով ստեղծելու «Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ» պետական հատուկ մարմին` օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով, ինչպես նաև հայրենիքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետերին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց:
Լրագրողների հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը նշեց, որ իրենք պատրաստ են հիշյալ օրակարգով հանդիպել ՀՀ վարչապետի հետ` դետալները քննարկելու համար: Հայտարարությունը ստորագրել են հետևյալ քաղաքական ուժերը.
- Ազատություն կուսակցություն
- Ազգային օրակարգ կուսակցություն
- Ազգային ժողովրդավարական միություն կուսակցություն
- Ազգային ինքնորոշում միավորում կուսակցություն
- Երկիր Ծիրանի կուսակցություն
- Ժառանգություն կուսակցություն
- Համերաշխություն կուսակցություն
- Հայ Յեղափոխական Դաշնակցություն
- Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
- Հայաստանի Հանրապետական կուսակցություն
- Հայրենիք կուսակցություն
- Հանուն սոցիալական արդարության կուսակցություն
- Մեկ Հայաստան կուսակցություն