ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարագանդայի«Շախտյորի»դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ուրախ է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմին միանալու համար:
«Չափազանց ուրախ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի ազգային հավաքականում: Կարծում եմ՝ հավաքականում խաղալը ցանկացած մարզիկի կարիերայի գագաթնակետն է, մանկական երազանքի իրականացում: Դա նոր հորիզոն է, որը հնարավորություն է տալիս հասնել այնպիսի բարձունքների, որոնց անհնար է հասնել ակումբային մակարդակում: Ես դարձել եմ շատ ջերմ ընտանիքի մի մասնիկը և գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը: Մարդիկ վստահել են ինձ, և ես կաշխատեմ արդարացնել բոլորի հույսերը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Յուրչենկոյի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:
Փետրվարի 21-ին ՀՖՖ հայտնել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Կարագանդայի«Շախտյորի»դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: