ՀՀ վարչապետն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 26-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական խորացման ու սերտացման կարևորությունը և այս համատեքստում անդրադարձել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Նիկոլ Փաշինյանը նշել է՝ Հայաստանի կառավարությունը հետևողական է ժողովրդավարության զարգացման, դատաիրավական համակարգի արմատական բարեփոխման, մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ շարունակական քայլերի, ծրագրերի իրականացման գործում, և ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կնպաստի Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող բարեփոխումների արդյունավետ իրականացմանը:
Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրոպական միությունը ևս կարևորում է Հայաստանի հետ համագործակցության դինամիկ զարգացումը և պատրաստ է շարունակել օժանդակել մեր երկրին՝ տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու գործում:
Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով և հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին:
ՀՀ վարչապետն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի և զարգացումների շուրջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում