1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը կձևավորվի հաջորդ տարի. Աննա Թադևոսյան

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը կձևավորվի հաջորդ տարի. Աննա 
Թադևոսյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային ֆուտբոլում օրեցօր իր ուրույն տեղն է զբաղեցնում նաև կանանց ֆուտբոլը, որն իր դիտարժանությամբ, արագությամբ, տեխնիկական որակներով տղամարդկանց ֆուտբոլից շատ հեռու չէ: Ֆուտբոլային գերտերություններն իրենց ուշադրության կենտրոնում են պահում նաև կանանց ֆուտբոլի զարգացումը: Հայաստանում ևս կանանց ֆուտբոլը վերջին տարում մեծ թափով է զարգանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի ղեկավար Աննա Թադևոսյանը խոսեց կանանց ֆուտբոլի ներուժի, ձևավորվող հավաքականի և թիմի առաջ դրվելիք մարտահրավերների մասին:

-Ինչպե՞ս ստացվեց, որ ՀՖՖ-ն որոշեց զարկ տալ կանանց ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում:

-Կարծում եմ, որ ՀՖՖ նոր ղեկավարությունը նպատակ ունի զարգացնելու նաև կանանց ֆուտբոլը, քանի որ ամբողջ աշխարհում` սկսած ՈՒԵՖԱ-ից, ՖԻՖԱ-ից և եվրոպական, ամերիկյան զարգացած երկրներից, կանանց ֆուտբոլը գրեթե հավասարը հավասարի է դրվում տղամարդկանցին: Հայաստանում էլ արդեն ժամանակն է, որ զարկ տանք կանանց ֆուտբոլի զարգացմանը, քանի որ ոչ մի տարբերություն չկա, և չես կարող 10-15 տարեկան աղջկան բացատրել, թե ինչու նա չի կարող ֆուտբոլ խաղալ: Եվ մեր նպատակն այն էր, որ Հայաստանը հետ չմնա նորմալ զարգացում ապրող եվրոպական երկրներից:

-Ի՞նչ ներուժ կա Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման տեսանկյունից:

-Ինքս կանանց ֆուտբոլի զարգացման գործում ներգրավված եմ 2015 թվականից, երբ «Խաղաղության կորպուս»-ի հետ համատեղ ստեղծեցի «Goals» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն էր կանանց ֆուտբոլի զարգացման խթանումը: Եվ հիմնական շեշտը դրված էր մարզերում կանանց ինչ-որ մարզաձևով կամ ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն տալու վրա: Այդ օրերից սկսած՝ հասկացա, որ կանանց ֆուտբոլի մեծ ներուժ ունենք: 2015 թվականին Սյունիքում կար կանանց ֆուտզալի միայն 4 թիմ: Բայց հիմա Հայաստանի 8 մարզերում 60-ից ավելի թիմում մոտ 760 աղջիկ ֆուտբոլ է խաղում: Գրեթե թիմեր չկան Արարատի և Արագածոտնի մարզերում, և քիչ թիմեր կան Գեղարքունքում:

-Եր՞բ կունենանք կանանց մեծահասակների ընտրանի:

-Ինչ սկսեցի աշխատել ՀՖՖ-ում, առաջին իսկ օրից աշխատանքներ ենք տանում կանանց մեծահասակների հավաքական ձևավորելու ուղղությամբ: Հիմա ունենք մինչև 19 տարեկանների թիմ, որը հոկտեմբերին կմասնակցի Եվրո-2020 որակավորման փուլին Բոսնիայում: Սեպտեմբերին ուսումնամարզական հավաք կսկսի մինչև 17 տարեկանների թիմը, որը հաջորդ տարի կմասնակցի ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարին: Իսկ 2020 թվականի հունվարից կստեղծենք կանանց մեծահասակների հավաքականը: Ստեղծման սկզբնական փուլը կանցկացնենք  ԱՄՆ-ում: Մոտ 25 ֆուտբոլիստներ ունենք Ամերիկայից, մեկը Գերմանիայից, ով հանդես է եկել Բավարիայի կանանց թիմում, այժմ էլ հանդես է գալիս «Ֆրանկֆուրտ»-ում: Եվ մինչև հունվար կգտնեմ էլի անուններ հավաքականի համար: Մենք պետք է օգտագործենք մեր սփյուռքի ներուժը հավաքականի ձևավորման հարցում, քանի որ նրանք, ում հետ հանդիպել եմ, մեծ ոգևորվածությամբ ընդունեցին առաջարկը: Հայաստանում էլ ունենք լավ ֆուտբոլիստներ, ովքեր ևս կարող են համալրել ընտրանու կազմը: Այն լինելու է հավասարակշռված հավաքական: Նպատակ ունենք հաջորդ տարի գոնե երկու ընկերական հանդիպում անցկացնել:

-Դուք հանդիպել եք նաև հայկական արմատներ ունեցող արտասահմանցի ֆուտբոլիստների հետ: Ի՞նչ արձագանքներ ստացաք նրանցից:

-Առաջինը որպես այդպիսին հանդիպել եմ ԱՄՆ-ից Նենսիի հետ, այնուհետ Մարալին եմ գտել Գերմանիայից: Հիմա մինչև 19 տարեկանների հավաքականում 6 աղջիկ կա ԱՄՆ-ից: Հունիսին հավաք կունենանք Մ19 տարեկանների թիմով: ԱՄՆ-ի հայկական համայնքի շնորհիվ գտանք նաև մյուս խաղացողներին: Մ17 տարեկանների թիմի համար էլ ունենք 10 ֆուտբոլիստներ ԱՄՆ-ից: Նրանք մեծ երազանք են ունեցել խաղալու Հայաստանի, առավել ևս հավաքականի համար: Հիմա մեծ հաճույքով են միանում մեզ:

-Ի՞նչ նպատակ, առաջադրանք ունի կատարելու կանանց թիմը:

-Հավաքականի նպատակը լինելու է հաղթահարել 2023 թվականի աշխարհի առաջնության որակավորմանը փուլը: Դրա հետ մեկտեղ նաև նպատակ ունենք մասնակցելու 2025 թվականի Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ բարձր նպատակներ ենք դրել, և պետք է նպատակին տանող ճանապարհին ճիշտ աշխատենք: Եթե մեզ հաջողվի լավ և ճիշտ աշխատել, ապա հաղթահարելի նպատակ է:

-Ո՞ւմ եք տեսնում հավաքականի գլխավոր մարզչի դերում:

-Չեմ կարծում, որ ազգային թիմի մարզիչը կլինի Հայաստանից: Ես և ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն արդեն երկու ամիս է քննարկում ենք այդ հարցը: Փորձում ենք մեզ համար օպտիմալ տարբերակ գտնել: Արդեն աշնանը կունենանք այն մարդուն, ով կլինի հավաքականի ղեկին: Եվրոպացի մասնագետ կլինի, սակայն անուններ դեռ չունեմ:

-Քա՞նի տարիքային հավաքականներ ունենք և քանիսն ենք պատրաստվում ստեղծել:

-Հիմա ունենք Մ19 տարեկանների հավաքական, որը փետրվարից հավաքների միջոցով նախապատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին, իսկ սեպտեմբերից էլ կունենանք Մ17 տարեկանների թիմ: Եվ նպատակ ունենք նաև հաջորդ տարի Մ14 տարեկանների պահեստային հավաքական կազմավորել:

-ՀՖՖ ղեկավար կազմի փոփոխությունից հետո հայկական ակումբները բարձրաձայնեցին, որ ուզում են նաև կանանց թիմեր ունենալ: Ի՞նչ փուլում է գործընթացը:

-ՀՖՖ հայտարարել է բոլոր ակումբներին, որ լիցենզիա ունենալու համար պետք է նաև կանանց թիմեր ունենալ: Դեռևս ոչ մի բացասական արձագանք չենք ստացել: «Բանանց»-ն ունի կանանց թիմ, որը գործում է մոտ մեկ տարի: «Ալաշկերտ»-ը կունենա հուլիսից: Երևանի «Արարատ» ակումբը սկսել է ձևավորել թիմը: Գիտեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում նաև «Փյունիկ»-ը:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]